Գրենական պիտույքների գների աճ չկա, մինչև սեպտեմբեր, հնարավոր է, կլինի. Արմեն Պողոսյան
Գրենական պիտույքների գները Հայաստանում չեն աճել: Այս մասին այսօր ասուլիսում ասաց «Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը:
«ԱՎԾ վերջին տվյալներով` ուսումնական տարվան ընդառաջ գրենական պիտույքների գները չեն աճել: Սակայն մանկական հագուստի գներն աճել են 7 տոկոսով»,- ասաց Արմեն Պողոսյանն ու չբացառեց, որ մինչ սեպտեմբերի հնարավոր է թանկացումներ կլինեն:
Նա հիշեցրեց նաև, որ, նախկին տարիների հաշվարկից ելնելով, երեխային դպրոց ճանապարհելու համար պահանջվում է մոտ 40.000-50.000 դրամ` ներառյալ հագուստն ու գրենական պիտույքները:
«Հիմնականում գնում են նվազագույն քանակի անհրաժեշտ գրենական պիտույքները: Ծնողները հաճախ բողոքում են գրենական պիտույքների որակից: Եվ քանի որ երեխաները տարբեր որակի հագուստով են հաճախում դպրոց և կիրառում են տարբեր որակի գրենական պիտույքներ, դպրոցներում նկատվում է սոցիալական բևեռացում»,- նկատեց Պողոսյանը: