211652_close_icon
views-count6181 դիտում article-date 20:17 07-08-2017

ՌԴ-ի նկատմամբ սահմանված տնտեսական նոր պատժամիջոցները կանդրադառնան Հայաստանի վրա. տնտեսագետ

ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի նկատմամբ սահմանված տնտեսական նոր պատժամիջոցները ակտիվորեն քննարկվում են նաև Հայաստանում: Քաղաքական ու փորձագիտական շրջանակները փորձում են հասկանալ՝ ինչպե՞ս կանդրադառնա Հայաստանի պես փոքր երկրի վրա ԱՄՆ և ՌԴ միջև ստեղծված իրավիճակը, արդյոք Հայաստանը կտուժի՞ տնտեսական պատժամիջոցներից՝ լինելով Ռուսաստանի շուրջ ձևավորված Եվրասիական տնտեսական միության կազմում: Վերլուծաբանները կարծում են, որ ազդեցությունը կլինի ոչ միայն տնտեսական, այլև՝ քաղաքական բնույթի: Տնտեսագետների խոսքով՝ տնտեսական պատժամիջոցների արդյունքում կթուլանա Ռուսաստանի տնտեսությունը, իսկ քանի որ Հայաստանի տնտեսությունը կապված ու կախված է Ռուսաստանից, ապա բացասական հետևանքները շատ շուտով կհասնեն նաև Հայաստան: «Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ հայաստանցիների մեծ մասն ապրում է Ռուսաստանից ուղարկված տրանսֆերտների հաշվին: Եթե պատժամիջոցների արդյունքում ռուսական ռուբլին արժեզրկվի, ՌԴ-ում գնաճ լինի և այլն, ապա դա չի կարող չանդրադառնալ տրանսֆերտների վրա, դրանք կսկսեն դեպի Հայաստան ավելի քիչ գալ, իսկ հայաստանցիները ավելի քիչ ապրանք ձեռքկբերեն դրանցով»,- ասել է տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը: Նա նշել է, որ վերջին երկու տարիներին առանց այդ էլ Հայաստան եկող ռուսական տրանսֆերտների ծավալը նվազել է գրեթե կիսով չափ՝ 2 միլիարդից հասնելով 1,3 միլիարդի: Տնտեսագետներն ասում են նաև, որ կարող է տուժել նաև Հայաստանի արտահանումը դեպի Ռուսաստան, որովհետև եթե ՌԴ քաղաքացին կդառնա ավելի քիչ գնողունակ, մեր արտադրանքը ռուսական շուկայում կիրացվի ավելի քիչ, իսկ ներկրումը Հայաստան ևս կունենա գրեթե նույն հեռանկարները: Քաղաքագետ Գևորգ Մելիքյանն էլ համաձայն է, որ Հայաստանը չափազանց ամուր է կապված Ռուսաստանի տնտեսության հետ և ռուսական տնտեսության անկման բացասական ազդեցությունն անխուսափելի է: «Հայաստանի վրա դա կունենա ուղղակի ազդեցություն, խոսքը և՛ տրանսֆերտների մասին է, և՝ ներմուծման խնդիրների մասին»,- ասել է նա: Մելիքյանը նշել է, որ տեղի ունեցածը պետք է Հայաստանի համար ազդանշան հանդիսանա, որ անհրաժեշտ է դիվերսիֆիկացնել քաղաքական և տնտեսական կապերը, ամրապնդելով գործընկերությունը մյուս երկրների հետ: Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ կողմից սահմանված տնտեսական նոր պատժամիջոցների արդյունքում, ըստ ՀՀ արտաքին գործերի նախկին փոխնախարար Արման Նավասարդյանի, Հայաստանի համար այսուհետ դժվար կլինի մանևրել ԱՄՆ-ի ու ՌԴ-ի միջև։ Իսկ քաղաքագետ Լևոն Շիրինյանը հավաստիացնում է, որ ստեղծված իրավիճակը բխում է Հայաստանի շահերից: Շիրինյանն ասել է, որ Ռուսաստանը ջղաձգվում է պատժամիջոցներ սահմանելուց, որովհետև հասկանում է, որ այլևս Հարավային Կովկասում չի կարող ունենալ նախկինում ունեցած ազդեցությունը: «Ռուսաստանի ախորժակը մեծ է՝ ծավալվել, գրավել Դոնբասը, Ուկրաինան, Հայաստանը: Չե՞ք տեսնում, թե Ռուսաստանը ինչպես է ծավալվում, ինչպես է նպատակին հասնելու համար կռիվներ հրահրում: Իսկ ԱՄՆ-ն պատժամիջոցներով ախորժակը չափավորելու փորձ է անում»,- նշել է Լևոն Շիրինյանը: [url=https://jam-news.net/?p=52729&lang=hy]JAMNEWS[/url]

Նմանատիպ նյութեր