133452 դիտում
09:27 05-08-2017
Խոշոր ու ողբերգական ավտովթար Աշտարակ-Երևան ճանապարհին. ոստիկանության 6-րդ վարչության «ԲԽՍՍ»-ի նախկին պետը Volkswagen-ով բախվել է Нива-ին, Нива-ի վարորդը մահացել է, նրա 4-ամյա տղան հիվանդանոցում է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ օգոստոսի 4-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Աշտարակ-Երևան ավտոճանապարհին։ Ժամը 21։40-ի սահմաններում Աշտարակ-Երևան ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում բախվել են Երևան քաղաքի բնակիչ՝ 61-ամյա Սամվել Ջեյրանյանի վարած Volkswagen Passat մակնիշի 99 ՍS 399 համարանիշի և Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի բնակիչ՝ 36-ամյա Գեղամ Սարգսյանի վարած ВАЗ 2121 մակնիշի 34 GG 889 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ВАЗ 2121-ի վարորդը տեղում մահացել է, իսկ նրա ուղևոր՝ 4-ամյա Սարգիս Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղից էլ տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները երեխայի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր։
Բախման հետևանքով 2 մեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում, Нива-ն էլ գլխիվայր շրջվել է։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 19 հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել Volkswagen-ի գազաբալոնը, իսկ Нива-ի վրայից պոկվել էր գազաբալոնն ու հետևի անվահեծանները՝ ավտոմեքենան էլ վերածվելով մետաղե ջարդոնի։
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Նաիրիի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը։ Իսկ ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է Նաիրիի քննչական բաժանմունքի հերթապահ խումբը՝ քննիչ Սարգիս Դադոյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ Ս. Դադոյանի կողմից որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածն ու վիրավորը հայր ու որդի են։
ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Volkswagen-ի վարորդ Ս. Ջեյրանյանը նախկինում աշխատել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի (ԲԽՍՍ) վարչության պետ, կոչումով գնդապետ է։
[color=#CC0000]Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մինչ իրավապահներին Ս. Ջեյրանյանը հայտնել է, որ ավտոմեքենան ինքն է վարել, իրականում վարորդը նա չի եղել. Volkswagen-ը վարել է նրա որդին, իսկ դեպքից հետո հայրը փորձում է իր վրա վերցնել պատասխանատվությունը, որպեսզի փրկվի «փափկասուն բալիկը»։
[/color]
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+