Հուլիսի 29-ի շաբաթօրյակին մարզերին կտրամադրվի մաքրման ենթակա տարածքների քարտեզները. ՏԿԶՆ
Հուլիսի 29-ին նախատեսված 2-րդ համապետական շաբաթօրյակին ընդառաջ կազմակերպչական հարցերը քննարկելու նպատակով ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում հանդիպում է տեղի ունեցել «Մաքուր Հայաստան» գործուղությունների ծրագրի միջգերատեսչական հանձնաժողովի մարզային ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից։
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ, «Մաքուր Հայաստան» գործուղությունների ծրագրի իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Վաչե Տերտերյանը ներկայացրել է «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի ընթացքի մասին տեղեկատվություն, քննարկվել են հուլիսի 29-ի շաբաթօրյակի իրականացման գործողությունների պլանները:
Ըստ այդմ՝ ստեղծվելու են շաբաթօրյակի քարտեզները՝ ըստ համայնքների, սահմանազատվելու են մաքրման ենթակա տարածքները: Վ. Տերտերյանը նշել է, որ յուրաքանչյուր մարզի համար պետք է գույքագրել առկա տեխնիկական միջոցները, ապահովել համայնքներում աղբահավաքման և սանիտարական մաքրման համար անհրաժեշտ տեխնիկայի, այդ թվում` մասնագիտացված բեռնատար մեքենաների ներգրավվածությունը նշված աշխատանքներում:
«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում գույքագրված, քարտեզագրված և անձնագրավորված 2029 (494,61 հա) աղբանոցից փակվել է 1480-ը, փակման ենթակա է ևս 272 աղբանոց: Այսօրվա դրությամբ առկա է 277 հիմնական աղբավայր և մինչև 2018 թվականի մայիսի 27-ը հանրապետությունում նախատեսվում է ունենալ 117 արտոնագրված աղբավայր:
Հատուկ ստեղծված [url=http://map.transproject.am/]կայք-էջում[/url] տարբեր երանգավորմամբ նշված աղբանոցները ցույց են տալիս այս տարի ապրիլին ՀՀ բոլոր մարզերում անձնագրավորված աղբանոցների դասակարգումը՝ ըստ փակված, նույնականացման ենթակա և սպասարկման ենթակա դառնալու:
Հիշեցնենք, որ «Մաքուր Հայաստան» ծրագրի իրականացման շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում գործում է ԹԵԺ ԳԻԾ` հետևյալ հեռախոսահամարով 010-511-328 , ժամը 9-ից մինչև 18-ը: