211652_close_icon
views-count13789 դիտում article-date 10:58 21-07-2017

Հարուստների, ինչպես և աղքատների մեջ նույնպես կան հրաշալի մարդիկ և սրիկաներ. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Եթե ուզում եք ծանոթանալ հասարակական կարծիքի հետ, «ժողովուրդն ինչ է մտածում», նստեք պատահական տաքսի: Շեշտում եմ՝ պատահական: Որովհետև եթե դուք ուզում եք պարզապես Ա կետից հասնել Բ կետ, ապա ավելի հեշտ է ու հարմարավետ պատվիրել ինտերնետային տաքսի, որտեղ վարորդները, բացի «բարև»-ից և «ցտեսություն»-ից, որևէ այլ բան չեն խոսում, սափրված են, հիմնականում՝ երիտասարդ են, չեն ծխում, մեքենան մաքուր են պահում և ռաբիս երաժշտություն չեն միացնում: Ահա թե ինչու եմ ես կարծում, որ «պատահական» տաքսիներն ի վերջո իրենց տեղը կզիջեն «կազմակերպված» տաքսիստներին՝ մրցակցություն է, և հաղթում է նա, ով մատուցում է ավելի որակյալ ծառայություն: Բայց եթե դուք, այսպես ասած, «արկածներ եք փնտրում» (իսկ դա, ինչպես հայտնի է, լրագրողի մասնագիտության անբաժանելի մասն է), ապա, իհարկե, պետք է զրուցեք «դասական» վարորդների հետ: Պատմեմ վերջին «արկածս»: Նստում եմ այդպիսի «անհատական» տաքսի և ասում եմ՝ «գնանք Հյուսիսային պողոտա»: Վարորդը՝ «ի՞նչ էլ տեղ ես գտել գնալու»: «Ի՞նչ կա որ»,- հետաքրքրվում եմ: «Զզվում եմ էդ տեղից»,- բացատրում է վարորդը: Ասում եմ՝ «Այնպես չի, որ ուշքս գնում է»: «Ես պապական երևանցի եմ,- շարունակում է,- էլ Երևան չի մնացել»: Անցնում ենք ևս մի քանի տասնյակ մետր: «Ախպեր ջան, հազար ներողություն, արի ես քեզ ստեղ իջեցնեմ, չեմ քշի: Որ ասում են՝ «Հյուսիսային պողոտա», ղարաբաղցիներին եմ հիշում: Կներես, էլի»: Իհարկե, ներեցի և իջա: Չեմ պատրաստվում քննադատել այդ վարորդին, ոչ էլ, առավել ևս՝ ծաղրել նրան: Ուզում եմ ձեզ հետ միասին հասկանալ զանգվածային հոգեբանության առանձնահատկությունները: Պարզ է, որ այն իռացիոնալ է՝ տրամաբանական, պատճառահետևանքային շղթան փոխարինվում է էմոցիոնալ, «պատահական» հերթականությամբ՝ Հյուսիսային պողոտա-հարուստներ-ղարաբաղցիներ: Պարզ է, որ «տեղայնական ռասիզմի» համար որևէ հիմք չկա՝ հայկական հողի այս հատվածում ծնված մարդիկ կամ նրանց ժառանգները (այդ թվում՝ ես) չունեն ինչ-որ ընդհանուր բնութագրիչներ՝ ո՛չ դրական, ո՛չ բացասական: Հարուստների հանդեպ ընդհանրական ատելությունը նույնպես որևէ տրամաբանական բացատրություն չունի՝ հարուստների, ինչպես և աղքատների մեջ նույնպես կան հրաշալի մարդիկ և սրիկաներ: Անձամբ ինձ դուր չի գալիս Հյուսիսային պողոտայի ճարտարապետությունը և առավել ևս այն, որ պողոտայի շենքերը վեր խոյացան այնտեղ ապրող բնակիչների իրավունքների կոպիտ խախտմամբ: Սակայն ուզենք թե չուզենք այսօր Հյուսիսային պողոտան ինչպես երևանցիների, այնպես էլ հյուրերի զբոսանքի սիրած վայրերից է: Զանգվածային հոգեբանությունը ոչ միայն իռացիոնալ է, այլև զուրկ է լայնախոհության որևէ դրսևորումից: Մոտավորապես այսպես. «եթե Երևանի այս մասն ինձ դուր չի գալիս, ես այնտեղ չեմ քշելու»»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր