211652_close_icon
views-count9085 դիտում article-date 09:33 20-07-2017

«Նուբարաշեն» հոգեբուժարանում բժիշկներին ազատում են աշխատանքից. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, առողջապահության նախկին փոխնախարար Գագիկ Միրիջանյանը, մեր ստացած տեղեկությունների համաձայն, կադրային մեծ փոփոխություններ է սկսել բուժհաստատությունում: Նշվում է, որ նա աշխատանքից ազատել է շուրջ 30 բուժաշխատողի, դրա փոխարեն ունի 4 գործավար, առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Դավիթ Մելիք-Նուբարյանի կնոջն ընդունել է որպես միջազգային հարցերով խորհրդական: Նույն աղբյուրները նաև փոխանցում են, որ օրեր առաջ «Նուբարաշենում» մոռացել են հաց պատվիրել այնտեղ բուժվող մոտ 300 հիվանդի համար, ինչը նրանց տրվող սննդի էական մասն է կազմում: Այս տեղեկությունները երկու օր շարունակ փորձում էինք ճշտել և դրանց վերաբերյալ մեկնաբանություն ստանալ Գագիկ Միրիջանյանից: Երկու օրն էլ տնօրենի ընդունարանից մեր հեռախոսազանգին պատասխանում էին, որ նա խորհրդակցության է: «Ձեզ մոտ շաբաթը յոթ օր խորհրդակցությո՞ւն է»,- հետաքրքրվեցինք: «Դե... հաճախակի են լինում»,- արձագանքեց տիկինը: Նկատենք, որ Միրիջանյանը «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոնում արմատական փոփոխություններ է սկսել` չնայած որ սահմանված կարգով դեռ չի անցկացվել թափուր պաշտոնի մրցույթ և ինքը չի հաղթել: Բայց դա ընդամենը ժամանակի հարց է: Ընդ որում նախատեսվում է, որ մի շարք հոգեբուժական հաստատություններ կօպտիմալացվեն-կմիավորվեն և նա կդառնա միավորված հոգեբուժական կենտրոնի ղեկավար: Հավելենք, որ որոշ տեղեկությունների համաձայն, աշխատանքից ազատված բուժաշխատողների փոխարեն Գագիկ Միրիջանյանը մտադիր է նոր կադրեր ընդունել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր