211652_close_icon
views-count59435 դիտում article-date 22:41 18-07-2017

Արտակարգ դեպք Վայոց ձորի մարզում. հնդիկ էլեկտրազոդողի անփութության հետևանքով գյուղացիների գարու ցանքատարածքներն ամբողջովին այրվել են. վնասը կազմում է մի քանի միլիոն դրամ

Երեկ հուլիսի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Մալիշկա գյուղի վարչական տարածքում գտնվող «Քահրեր» կոչվող հանդամասում «Կալպատարու Փաուեր Թրանսմիշն Լիմիթեդ» ընկերության աշխատակից Հնդկաստանի հանրապետւթյան քաղաքացի, Եղեգնաձոր քաղաքում ժամանակավորապես բնակվող 40-ամյա Պանդու Մանինի կողմից «Հրազդան-Շինուհայր» բարձրավոլտ հոսանքագծի թիվ 049 հենասյան վրա զոդման աշխատանքներ իրականացնելու արդյունքում հենասյան տարածքում հրդեհ է բռնկվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի հետևանքով այրվել է Մալիշկա գյուղի բնակիչներ 57-ամյա Պարույր Բաբայանի 25.000 քմ, 31-ամյա Ռոման Ասատրյանի 25.000 քմ, 57-ամյա Հովհաննես Շահբազյանի 25.000 քմ, 54-ամյա Արա Ազոյանի 10.000 քմ և 59-ամյա Նորայր Շահբազյանի մոտ 15.000 քմ գարու ցանքատարածությունները: Հրդեհի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության Եղեգնաձորի և Վայքի հրշեջ-փրկարարական ջոկատները՝ մի քանի մարտական հաշվարկ: Փաստի առթիվ ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության Վայոց ձորի մարզային հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունում նյութեր են նախապատրաստվում, պարզում են նաև գյուղացիներին պատճառված նյութական վնասի չափը: [color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր