Մերկելը չի բացառել գերմանացի զինվորների դուրս բերումը Թուրքիայի ևս մեկ ավիաբազայից
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Բունդեսթագի պատգամավորներն իրավունք ունեն այցելելու գերմանացի զինվորականներին, որոնք ծառայում են արտերկրում: Եթե նրանց արգելում են այցելություններ կատարել, ապա Գերմանիան իրավունք է վերապահում իրեն դուրս բերելու զինծառայողներին: Այդ մասին գրում է TACC-ը:
«Կոնիայի ավիաբազայի հարցով նույն կանոններն են գործում, ինչ և «Ինջիրլիք» ռազմաբազայի դեպքում», - ասել է Մերկելը` պատասխանելով զիվորականներին տեղափոխելու մասին հաղորդավարի հարցին:
Ավելի վաղ Գերմանիան որոշում էր կայացրել դուրս բերել գերմանացի զինվորներին «Ինջիրլիքից», ուր թույլ չէին տվել այցելել Բունդեսթագի պատգամավորներին:
Մերկելի խոսքով` Կոնիայի ավիաբազայում իրավիճակը փոքր-ինչ այլ է, քանի որ գերմանացի զինվորներն այնտեղ են գտնվում ՆԱՏՕ-ի գծով, ինչը նշանակում է, որ ոչ միայն Գերմանիան է բանակցելու, այլև դաշինքը: