Երևանի ժամանակով 22-ին Բրյուսելում կսկսվի Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը
Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման գլխավոր թեմաները կդառնան ԼՂ հակամարտության շուրջ բանակցային գործընթացի ընթացիկ վիճակը և դրա անցկացումը լուրջ և արդյունավետ հունով:
Հանդիպումը նշանակված է այսօր՝ տեղի ժամանակով ժամը 19:00-ին (Երևանի ժամանակով՝ 22:00):
Ավելի վաղ հաղորդվել է, որ հուլիսի 11-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ և ներկայությամբ հանդիպում կունենա Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ։
Երեկ Հայաստանի արտգործնախարարը հայտարարել էր, թե Հարավային Կովկասում անվտանգությունը շարունակում է վտանգված լինել՝ Ադրբեջանից մշտապես հնչող ուժի կիրառման սպառնալիքների պատճառով:
«Քանի դեռ Ադրբեջանը չի կատարում զինադադարի համաձայնագրերով ստանձնած միջազգային պարտավորությունները, հրաժարվում է իրականացնել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներին ձեռք բերված համաձայնությունները, հատկապես զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ, ապա հենց Ադրբեջանի ղեկավարությունն է կրում իր սադրանքների հետևանքների համար ողջ պատասխանատվությունը», - Արևելյան գործընկերության արտգործնախարարների ոչ-պաշտոնական հանդիպմանն ասել էր Նալբանդյանը: