6359 դիտում
12:32 11-07-2017
Հայաստանի և Շվեդիայի արտաքին գործերի նախարարները ուղերձներ փոխանակեցին՝ 2 երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ
Երեկ՝ հուլիսի 10-ին, Հայաստանի և Շվեդիայի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Մարգոտ Վալստրյոմը ուղերձներ փոխանակեցին՝ Հայաստանի Հանրապետության և Շվեդիայի Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ:
Իր ուղերձում նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշում է, որ անցած քառորդ դարի ընթացքում երկու երկրների միջև հաստատվել է ամուր և բարեկամական գործընկերություն, արդյունավետ համագործակցություն, որը ներառում է քաղաքական երկխոսություն, փոխգործակցություն միջազգային կազմակերպությունների շրջանակներում, միջխորհրդարանական կապեր, առևտուր, մշակութային և ակադեմիական փոխանակումներ և բազմաթիվ այլ ոլորտներ:
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը համոզմունք է հայտնում, որ համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի խորացնել և ընդլայնել երկկողմ գործընկերությունը՝ ի նպաստ երկու բարեկամ երկրների և ժողովուրդների:
Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարգոտ Վալստրյոմն իր ուղերձում, մասնավորապես, նշում է, որ երկկողմ հարաբերությունները դրական հունով են զարգանում: Նրա բնորոշմամաբ Շվեդիայի համար կարևոր է Հայաստանի հետ ընդլայնված համագործակցությունն ինչպես երկկողմ հարթությունում, այնպես էլ Եվրամիության հետ ստորագրվելիք Համընդհանուր և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում:
Նախարար Վալստրյոմը ընդգծում է, որ առկա է հսկայական ներուժ երկու երկրների միջև խորացված համագործակցության համար մի շարք ոլորտներում, ինչպիսիք են մարդու իրավունքները և ազատությունները: Երկխոսությունը երկկողմ և բազմակողմ հարթություններում, այդ թվում՝ ՄԱԿ-ի շրջանակներում, ամուր հիմք կծառայի փոխշահավետ համագործակցության ընդլայնման համար: