Չնայած Հայաստանի ՀԱՊԿ անդամակցությանը, ՆԱՏՕ-ն պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ. Յեժի Մարեկ Նովակովսկի
Հայաստանի համար ռազմական ուժերի արդիականացումը կարևոր է հիմնախնդիր է, և այստեղ ՆԱՏՕ-ն կարող է կարևոր դեր խաղալ. Երևանում կազմակերպված «ՆԱՏՕ-ն Վարշավայից Բրյուսել՝ մարդկային անվտանգության և անվտանգության ոլորտի բարեփոխումները Հայաստանում» թեմայով քննարկմանն այսօր ասաց ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը:
«ՆԱՏՕ-ն հուսալի գործընկեր է, նրա նպատակն է ապահովել խաղաղություն և կայունություն: Մենք ոչինչ չենք պարտադրում: Համագործակցությունը Հայաստանի հետ խիստ թափանցիկ է»,- ասաց նա՝ նշելով, որ ՆԱՏՕ-ն Հայաստանի հետ համագործակցում է բանակ-հասարակություն կապի ամրապնդման, բանակում մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդման և կրթական ծրագրերի իրականացման ոլորտներում:
ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպանը անդրադառնալով ՀՀ-ՀԱՊԿ համագործակցությանը ՆԱՏՕ-ի վերաբերմունքի վերաբերյալ հարցին, առաջարկեց, որ Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցներին ևս քննարկման հրավիրեն և պարզեն, թե ՌԴ-ն ինչ վերաբերմունք ունի Հայաստանի-ՆԱՏՕ համագործակցության վերաբերյալ:
ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յեժի Մարեկ Նովակովսկին ևս նշեց, որ ՆԱՏՕ-ն որևէ կառույցի դեմ ուղղված չէ:
«ՆԱՏՕ-ն Ռուսաստանի դեմ ուղղված չէ, այլ ուղղված է մեր ներքին կարողությունների ամրապնդմանը: Չնայած Հայաստանի ՀԱՊԿ անդամակցությանը, մենք պատրաստ ենք համագործակցել Հայաստանի հետ»,- ասաց նա: