211652_close_icon
views-count5574 դիտում article-date 10:58 05-07-2017

Ցինիզմն ու նիհիլիզմը տարա­ծում են պետական ինստիտուտների վրա. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Այսօր Հայաստանի Սահմանադրության օրն է: Ինչպես հայտնի է, Հայաստանում պետական տո­ները, նույնիսկ ռազմական հաղթանակները նշվում են մի տեսակ կիսատ, վախվորած, էլ ուր մնաց Սահմանադրությունը, որը ժամանակակից հայաստանցիների համար չափազանց վերացական, կյանքից կտրված մի բան է: Հետևաբար ֆեյսբուքյան ընդդիմադիրներն այսօր հիշեցնելու են, որ թե՛ բուն Սահմանադրությունը 1995 թվականին, թե՛ դրա երկու փոփոխությունները 2005 և 2015 թվականներին ընդունվել են կեղծիքներով: Նաև նշելու են, որ իշխանությունը երբեք չի կատարել Սահմանադրության ոչ մի կետ: Եվ հետևաբար, կշարունակեն նրանք, դա «թղթի կտոր է»: Դե, իսկ շարքային քաղաքացիները դժվար թե գիտեն, թե ինչու է հուլիսի 5-ը ոչ աշխատանքային օր: Ցանկացած դիրքորոշում հարգանքի է արժանի, և մարդկանց մեղադրելը կամ «դաստիարակե­լը», ինձ թվում է, ամենասխալ և անիմաստ զբաղմունքն է: Այդ պատճառով պարզապես ասեմ, թե ինչ եմ ես զգում (հասկանալով, որ դա կարող է ցինիկ մեկնաբանությունների տեղիք տալ): Երբ ես լսում եմ «պետություն» բառը, մի տեսակ զգաստա­նում եմ, հավաքվում: Երբ լսում եմ Հայաստանի օրհներգը, մաշկս ինչ-որ սարսուռ է զգում: Այո, որ­պես երաժշտական ստեղծագործություն, մեր հիմ­նը վատն է և համեմատության եզրեր չունի Արամ Խաչատրյանի երաժշտության հետ: Գուցե օրհներ­գը և զինանշանը պետք է փոխվեն, չնայած ինձ թվում է, որ այդ հարցերում պետք է տասն անգամ չափել և հետո կտրել: Բայց ինչպիսիք էլ լինեն մեր զինանշանն ու օրհ­ներգը, դրանք խորհրդանշում են պետությունը, իսկ վերջինս, որքան էլ թույլ և չկայացած լինի, պետք է հարգել և, իհարկե, զարգացնել: Հետևա­բար իմ ակնածանքը պետության նկատմամբ տա­րածում եմ դրոշի, զինանշանի, օրհներգի, Սահ­մանադրության, դատարանի, պետականության բոլոր ատրիբուտների վրա: Սահմանադրության մեջ կարող են սխալ բաներ գրված լինել, սահմա­նադրական նորմերը կարող են և չկատարվել (ինչն, անշուշտ, այդպես է), դատարանները կա­րող են լինել կախյալ և կաշառակեր (դա նույնպես հաճախ է պատահում): Բայց մեզ հատուկ ցինիզմն ու նիհիլիզմը տարա­ծել պետական ինստիտուտների վրա, նշանակում է նպաստել դրանց թույլ և չկայացած լինելուն: Պատկերացրեք, մի գյուղ, մի համայնք, որտեղ գույքահարկը մուծում է բնակչության 30 տոկոսը՝ այդպես է, որքան գիտեմ, Հայաստանի համայնք­ների մեծ մասում: Հարկ չմուծելը մարդիկ սովորաբար պատճառաբանում են հարուստների, իշխա­նավորների մասին իրական կամ հնարած պատմություններով: Համայնքն աղքատ է մնում, ճա­նապարհները՝ քանդած, դպրոցի տանիքը՝ ծակ: Պատասխանատվության մասին մարդիկ շատ են խոսում, բայց՝ ոչ սեփական: Շնորհավոր Սահմա­նադրության օրը»: [bԱմբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր