Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Մաուերբախում հուլիսի 11-ին
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան իրենց վերջին այցի ընթացքում հանդես են եկել արտգործնախարարների հանդիպման անցկացման մասին առաջարկով: Ադրբեջանն իր համաձայնությունը և պատրաստակամությունն է հայտնել այդ առաջարկի վերաբերյալ»,- այս մասին «Թրենդ» գործակալությանը հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը:
Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը ընդգծել է, որ Ադրբեջանը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուտափույթ կարգավորման շուրջ առարկայական բանակցությունների։
Նշենք, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա հուլիսի 11-ին Ավստրիայում՝ Մաուերբախ քաղաքում: Այդ մասին [url=https://ria.ru/world/20170630/1497587448.html]ria.ru[/url]-ին հայտնել է դիվանագիտական շրջանակներում աղբյուրը:
«Երկրների արտգործնախարարներին առաջարկվել է հանդիպել ԵԱՀԿ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում, որը տեղի է ունենալու հուլիսի 11-ին Մաուերբախում: Սպասվում է, որ ԼՂ հակամարտության հարցով ԵԱՀԿ միջնորդները նույնպես կմասնակցեն հանդիպմանը»,- ասել է գործակալության զրուցակիցը: