211652_close_icon
views-count10603 դիտում article-date 21:38 23-06-2017

Զոհված, հաշմանդամություն ունեցող զինծառայողների ընտանիքների բնակարանի խնդիրը կլուծվի մինչև տարեվերջ. Վիգեն Սարգսյան

Կառավարության այսօրվա նիստին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը կառավարության հաստատմանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության արտաբյուջետային ֆոնդի օգտագործման ուղղություն սահմանելու, Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը։ Նախարարի խոսքով՝ այս նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության կողմից հաստատված ծրագրով զոհված, մահացած ու հաշմանդամություն ունեցող զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման նպատակով։ «Խոսքը տեղադրված տեսախցիկների միջոցով արտաբյուջե հավաքագրվող գումարների վերաբաշխումն է, որով մենք լուծում ենք զոհված ազատամարտիկների ու զինծառայողների անօթևան ընտանիքների բնակարանային խնդիրը, ինչպես նաև՝ առաջին կարգի հաշմանդամ զինծառայողների անօթևան և բարելավման կարիք ունեցող բնակարանային խնդիրը»,- ասաց նա և նշեց, որ յուրաքանչյուր տարի բյուջետային ծրագրով լուծում են այդ հարցը 500 միլիոն դրամի շրջանակում։ Վիգեն Սարգսյանը հայտնեց, որ այս փոփոխությամբ կատարելու են ՀՀ նախագահի հանձնարարականը և մինչև տարվա վերջ բոլոր ընտանիքների բնակարանային խնդիրը լուծված է լինելու: «Հաջորդ տարի այս ծրագիրը կուղղվի 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող զինծառայողների խնդիրները լուծելու համար»,- ասաց նա: Նախագծի վերաբերյալ վարչապետ Կարեն Կարապետյանը արձագանքեց.«Շատ լավ գործ է»: Նախատեսվում է նաև Զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հրազենային վնասվածք ստացած Մհեր Արմենի Պետրոսյանի բուժումը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում շարունակելու նպատակով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից Պաշտպանության նախարարությանը հատկացնել 8 մլն 323.4 հազ. դրամ:

Նմանատիպ նյութեր