Ճապոնիայի դեսպանը Ստեփանավանում նկարահանել է իր ընդունելությունը. նա տպավորված էր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ճանաչողական այցով Ստեփանավանում էր Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին: Նրան նախ իր աշխատասենյակում ընդունեց Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը, ով դեսպանին ներկայացրեց քաղաքում տուրիզմի զարգացման հնարավորությունները և այդ ուղղությամբ տարվող աշխատանքները:
Քաղաքապետը կարևորեց ճանոնիայի հետ սերտ համագործակցությունը և դեսպանին պատմեց, որ կարճ ժամանակ առաջ ինքը եղել է ճապոնիայում և Հայաստան վերադարձել լավ տպավորություններով, բացի դա, աղետների ռիսկի նվազեցման ուղղությամբ կատարվել են համատեղ մի շարք արդյունավետ քայլեր:
Դեսպանը ևս շնորհակալություն հայտնեց ընդունելության համար, վերջում քաղաքապետը խորհրդանշական նվերներ հանձնեց Էյջի Տագուչիին: Հյուրի հաջորդ կանգառը Ստեփանավանի Անդրանիկ Մարգարյանի անվան մշակույթի պալատն էր, որտեղ Տագուչիին հաց ու մեղրով դիմավորեց տնօրենը, այնուհետև հնչեց քաղաքի փողային նվագախմբի կատարումը: Անակնկալներ կային նաև ներսում, որտեղ դեսպանը հնարավորություն ստացավ ունկնդրելու հայկական ազգային երգ ու պար, որոնք ուղեկցվում էին ժողգործիքների համույթի կենդանի երաժշտությամբ: Ստեփանավանում 7 տարի գործում է նաև Բուդո Շին մարտարվեստի ֆեդերացիա՝ կրթելով մարտարվեստի հարյուրավոր սիրահարների ինչպես քաղաքից, այնպես էլ տարածաշրջանի համայնքներից: Դեսպանին այս հարկի տակ երեխաները ցուցադրեցին իրենց հմտությունները:
Դեսպանի համար այստեղ ևս նվերներ էին պատրաստվել կարպետագործության, փայտի գեղարվեստական փորագրության և մանրանկարչության խմբակների կողմից: Դեսպանը շնորհակալություն հայտնեց նվերների և ընդունելության համար, իսկ նվեր ստացած գլխարկը կրեց հենց տեղում: Տագուչին էլ Ճապոնիայի մասին պատմող գրքեր հանձնեց ստեփանավանցիներին, որից հետո եղավ նաև մշակույթի պալատում տեղակայված Սահակ Սահակյանի աշխատանքների թանգարանում: Այստեղ նրան ներկայացվեցին քանդակագործ նկարչի կյանքը, կենսագրությունը և աշխատանքները:Հյուրի վերջին կանգառը Ստեփան Շահումյանի տուն-թանգարանն էր, որը տեղակայված է Մշակույթի և ժամանցի կենտրոնում:
Այստեղ արդեն դեսպանը ծանոթացավ Ստեփանավանի հին և նոր պատմությանը: Վերջում նա ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց ընդունելության համար՝ նշելով, որ տպավորված է ավանդույթները լավագույնս պահպանող քաղաքից: Դեսպանը Ստեփանավանում էր քաղաքապետի հրավերով, նրան ուղեկցում էին Միքայել Ղարաքեշիշյանն ու Հայաստանի Բուդո Շին մարտարվեստի ֆեդերացիայի նախագահ Սուրեն Օչինյանը:
[b]
Ստեփանավանի քաղաքապետարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին.[/b]