Հայաստանի հողերի 80%-ը այլասերված է. Աշոտ Վարդևանյան
Հունիսի 17-ը աշխարհում նշվում է Անապատացման դեմ պայքարի միջազգային օրը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանում ՄԱԿ-ի անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի ազգային համակարգող Աշոտ Վարդևանյանը տեղեկացրեց, որ այս տարի Անապատացման դեմ պայքարի միջազգային օրվա կարգախոսն է «Հողը մեր տուն է, մեր ապագան»:
Անդրադառնալով հողերի այլասերման խնդրին, Վարդևանյանը նշեց, որ վերջին տարիներին կան և՛ դրական , և՛ բացասական միտումներ:
«Դրական այն է, որ բազմամյա այգիները 5000 հեկտարով ընդլայնվել են, ինչը նշանակում է, որ կայուն եկամուտ է ապահովում: Սակայն նվազել են վարելահողերը՝ 6000 հեկտարով, անտառներն են նվազել՝ անցնելով բնության հատուկ պահպանվող տարածքների շարք: Պակասել է նաև արդյունաբերական նշանակության հողերը՝ մոտ 8000 հեկտարով»,- նշեց Վարդևանյանը, պարզաբանելով, որ ՀՀ հողերի 80%-ը ենթարկվել է տարբեր աստիճանի այլասերման, այսինքն՝ կենսաբանական և տնեսական հատկությունների կորուստ է եղել:
«Վարելահողի կեսը ջրային էրոզիայի է ենթարկվել՝ 220,000 հեկտար, այսինքն՝ ջուրը ժամանակի ընթացքում լվացել ու տարել է հողի հումուսային շերտը»,- ընդգծեց Աշոտ Վարդևանյանը: