Ծերանոցի տնօրենի ԺՊ-ն համամիտ չէ, որ ծերանոցում տրվող սնունդը լափ է
Երևանի թիվ 1 տուն-ինտերնատում 2017 թ. ընթացքում 25 խնամյալ է մահացել. այս պահին տուն ինտերնատում կա 250 խնամյալ: Այս մասին այսօր՝ հունիսի 16-ին, լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց թիվ 1 տուն-ինտերնատի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Զուրաբյանը:
Անդրադառնալով մամուլի այն հրապարակմանը, թե հոգեկան խնդիրներ ունեցող խնամյալները նույն հարկի տակ են ապրում մյուսների հետ, Զուրաբյանն ասաց.
«Փաստաթղթային առումով մենք խնդիր չունենք, բայց, կարծում եմ, նմանատիպ խնդիր ունենք: Ժամանակի ընթացքում չեմ բացառում, որ մարդը ձեռք բերի հոգեկան խնդիրներ: Կարգն այժմ այսպիսին է. ես Նուբարաշենի հոգեբուժարան 30 հոգու ցանկ եմ ներկայացրել՝ խնդրելով, որպեսզի հոգեբույժների խումբը գա և ստուգի նրանց: Նոր դրանից հետո կարող եմ նրանց տեղափոխել, ես իրավունք չունեմ առանց եզրակացության ինչ-որ բան անել: Մայիսի 22-ին ենք դիմել, բայց պատասխան դեռ չենք ստացել»,- նշեց նա:
Տնօրենի ԺՊ-ն նաև արձագանքեց տուն-ինտերնատի խնամյալների տարածած լուրերին, թե տուն-ինտերնատում սնունդը խոզի լափ է: Վահան Զուրաբյանի գնահատմամբ՝ տրվող սնունդը գերազանց է: