211652_close_icon
views-count9679 դիտում article-date 21:45 15-06-2017

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն աշխատանքային այցով եղել է Արմավիրի մարզում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր՝ հունիսի 15-ին, աշխատանքային այցով մեկնել է Արմավիրի մարզ, որտեղ եղել է ՀՀ ԳՆ «Երկրագործության գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում: Այցելության սկզբում նախարարը շրջել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) աջակցությամբ «Ծիրանի գենետիկական ռեսուրսների պահպանում և օգտագործում» ծրագրի շրջանակներում 2013 թվականին հիմնված ծիրանենու կոլեկցիոն այգում, որտեղ պահպանվում են ծիրանենու 87 գենետիկ սորտ, որոնցից 82-ը հայկական ծիրանենու սորտեր են: Կենտրոնի մասնագետները նշել են, որ այս տարի մեծ է եղել ծիրանի իտալական սորտերի բերքատվությունը: Իգնատի Առաքելյանը եղել է նաև անցյալ տարի կենտրոնում հիմնված խաղողի կոլեկցիոն այգում, որտեղ մշակվում են տեղական սեղանի և տեխնիկական սորտեր: Նախարարին տեղեկացվել է, որ այգում նախատեսվում է հավաքագրել հայկական խաղողի մոտ 360 սորտ, և հավաքագրելու գործընթացը շարունակվում է: Նշվել է, որ այգում նախատեսվում է հիմնել ֆիլոքսերադիմացկուն սորտերի տնկարանային տնտեսություն: Կենտրոնը նաև 23 հա-ի վրա իրականացնում է ցորենի էլիտայի արտադրություն, իսկ 5.5 հա-ի վրա՝ գարու սուպեր էլիտայի: Այնուհետև ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ուղևորվել է Մերձավան համայնք, որտեղ մասնակցել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության և «Ագրոինտեքս» ընկերության հետ համատեղ հիմնվող տնկարանի բացման արարողությանը: Նախարարին զեկուցվել է, որ նորաբաց տնկարանում աճեցվելու են ծիրանենու, տանձենու, խնձորենու, կեռասենու, ընկուզենու տնկիներ: Նախատեսվում է հիմնել նաև ցուցադրական այգիներ: «Մենք նախատեսում ենք հաջորդ տարի տնկարանային տնտեսություն ունենալ: Տնկարանային տնտեսության հիմնումը նաև թույլ կտա նվազեցնել տնկիների արժեքը, ինչը ինտենսիվ այգիների հիմնման ինքնարժեքի մեջ ամենամեծ մասնաբաժինն է կազմում: Ինտենսիվ այգիների ստեղծումը ենթադրում է նաև նոր կաթիլային համակարգի և հակակարկտային ցանցերի ներդրում, որն աստիճանաբար կխթանի արդյունաբերական գյուղատնտեսության զարգացմանը մեր երկրում»,- նշել է գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: ՀՀ գյուղատնտեսության նախարարը նշել է, որ նախարարությունը մշակել է հակակարկտային ցանցերի երկարաժամկետ վարկերի սուբսիդավորման ծրագիր, որին կարող են մասնակցել բոլոր գյուղացիական տնտեսությունները: Նախարարը հույս է հայտնել, որ կգտնվեն ներդրողներ, ովքեր կկառուցեն գործարաններ և տեղում կարտադրեն հակակարկտային ցանցեր, ինչն ավելի մատչելի կդարձնի ցանցերի ձեռքբերումը: «Ագրոինտեքս» ընկերության սեփականատեր Դավիթ Չիտչյանն իր հերթին նշել է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ նախատեսվում է իրականացնել ինտենսիվ այգիների կառուցման համար տնկիների աճեցման ծրագիր: Ծրագրով նախատեսվում է թզուկային և կիսաթզուկային տնկիների աճեցում, ինչը հնարավորություն կտա նվազեցնել տնկիների արժեքները և դրանք մատչելի դարձնել գյուղացիների համար: Ընկերությունը նախատեսվում է իրականացնել նաև «Կառուցիր ինքդ քո այգին» նախագիծը. այնտեղ լինելու են տիպային նախագծերով ցուցադրական այգիներ, որտեղ ցանկացողները կարող են այցելել և տեղում ծանոթանալ պայմաններին, ստանալ անհրաժեշտ խորհրդատվություն և ընկերության մասնագետների օգնությամբ ինքնուրույն կառուցել իրենց այգիները: Աշխատանքային այցի ավարտին ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը եղել է «ԱՐՄ ՊԼԱՍՏ» ՓԲԸ-ում, շրջել ընկերությունում, զրուցել աշխատակիցների հետ, ծանոթացել ընկերության արտադրական հզորություններին: [b] ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր