211652_close_icon
views-count1984 դիտում article-date 17:18 09-06-2017

Քննարկվել են Հայաստանի և Արգենտինայի փորձը՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի և Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիայի նախաձեռնությամբ հրավիրված կոնֆերանսում քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության խնդիրները: Քննարկմանը մասնակցել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, պետական մարմինների, դեսպանությունների, հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: «Ես համոզված եմ, որ առանց լայն համագործակցության՝ դժվար է լինելու լուծումներ գտնել այս ոլորտում»,-բացման խոսքում ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Նա կարևորել է հատկապես ՀԿ-ների դերակատարումը, քանի որ ըստ Պաշտպանի, նրանց գործունեությունն է հնարավորություն տալիս ճիշտ հասկանալ ոլորտի խնդիրները: «Ոլորտը պահանջում է սրտացավ աշխատանք, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձը չբախվի խտրականության և լիարժեք մասնակցություն ունենա հանրային կյանքին»,- ասել է Արման Թաթոյանը: Դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան ներկայացրել է Արգենտինայի փորձը, խնդրի օրենսդրական կարգավորումները, երկրում իրականացվող ներառական քաղաքականության հիմադրույթները: «Մենք ոչ թե ուզում ենք փոխել հաշմանդամություն ունեցող անձանց, այլ հակառակը, ուզում ենք փոխել հասարակությունը»,- ասել է դեսպանը: Նա տեղեկացրել է, որ հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերող օրենքը Արգենտինայում ընդունվել է դեռևս 1981 թվականին: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը անդրադարձել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագծի հիմնադրույթներին: Դրանք բխում են ՄԱԿ-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի պահանջներից, որը Հայաստանի Հանրապետության կողմից վավերացվել է 2010թ.: Նախարարը կարևորել է անկախ մշտադիտարկման և կանխարգելման մեխանիզմի ներառումը օրենքի նախագծում, ըստ որի մշտադիտարկումը կիրականացվի Մարդու իրավունքների պաշտպանի կողմից: «Ցանկացած իրավական ակտի նախագիծ մենք դիտարկում ենք հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների տեսանկյունից»,-իր ելույթում ասել է Պաշտպանի աշխատակազմի Իրավական վերլուծության վարչության պետ Լուսինե Սարգսյանը: Ավելին, մշտապես աշխատանքներ են տարվում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում գործող իրավական դաշտի և գործնական մեխանիզմների բարելավման ուղղությամբ իրավասու մարմիններին առաջարկներ ներկայացնելու և վերջիններիս հետ համատեղ ծագած խնդիրները լուծելու ուղղությամբ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Նմանատիպ նյութեր