Խաչատրյանի մրցույթը Հայաստանում է համախմբել լավագույն երգիչներին
Այսօր՝ հունիսի 6-ին, երեկոյան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Ա. Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային մրցույթի բացման հանդիսավոր արարողությունը։ Հիշեցնենք, որ մրցույթն այս տարի առաջին անգամ կանցկացվի «Վոկալ» մասնագիտությամբ։
Դեռևս ժամանակին Արամ Խաչատրյանն ասել է, որ մենք հայ կոմպոզիտորների հետ միասին պետք է կարողանանք ստեղծել այնպիսի երաժշտություն, որ աշխարհը կարողանա սիրել այն և սիրելով հանդերձ հետաքրքրվի, թե ով է այն ժողովուրդը, որ ծնել է այսպիսի կոմպոզիտորների, որտեղ է գտնվում այն երկիրը, որտեղ ծնվում են այսպիսի հրաշալի ստեղծագործություններ։ Մրցույթին նվիրված մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ մաշկույթի նախարար Արմեն Ամիրյանը նշեց, որ Խաչատրյանի անվան մրցույթը կոմպոզիտորի այս հիանալի միտքն իրականություն դարձնողն է։ Նախարարը վստահություն հայտնեց, որ այսօր մրցույթին մասնակցող երիտասարդները, ապագայում դառնալով աշխարհահռչակ, հպարտությամբ են հիշելու իրենց մասնակցությունը խաչատրյանական մրցույթին։
Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սմբատյանը լրագրողներին տեղեկացրեց, որ մրցույթին մասնակցում են երգիչներ աշխարհի տարբեր երկրներից՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Գերմանիա, Մեքսիկա, Կիպրոս, Ռուսաստան, Ուկրաինա, Հայաստան, Արցախ և այլն։ Պարոն Սմբատյանը նշեց, որ մրցույթի ժյուրին բավականին պատկառելի կազմ ունի. ժյուրիի նախագահն է ՌԴ վաստակավոր արտիստ, դիրիժոր, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը, ժյուրիի կազմում են Իզաբել Բայրաքդարյանը /Պլասիդո Դոմինգոյի հեղինակավոր «Օպերալիա» մրցույթի առաջին մրցանակի դափնեկիր, «Ջունո» մրցանակակիր, կանադահայ սոպրանո/, Ջոն Ֆիշերը /դիրիժոր, օպերային ռեժիսոր, վոկալի ուսուցիչ և երաժշտական պրոդյուսեր, Մետրոպոլիտեն թատրոնի երաժշտական ադմինիստրացիայի գծով գլխավոր տնօրենի տեղակալ/, Մարկ Հիլդրյուն /«Ասկոնաս Հոլթ» ընկերության կառավարման ավագ անդամ/, Ջորջ Պարոդին /դիրիժոր, Մանհեթենի երաժշտական դպրոցի օպերային թատրոնի երաժշտական տնօրեն/, Ռիչարդ Ռոդզինսկին /երաժշտագետ, Piano Competition for Outstanding Amateurs միջազգային մրցույթի հիմնադիր, Անդրեյս Ժագարսը /«Բալթյան երաժշտական համերգաշրջաններ» փառատոնի գեղարվեստական ղեկավար, բեմադրիչ, Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանի մանկավարժ/, Էդուարդ Թոփչյանը /Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր/:
Ժյուրիի նախագահ Կստանտին Օրբելյանը, հաջողություն հայտնելով մրցույթի բոլոր մասնակիցներին, շեշտեց, որ Խաչատրյանի մրցույթի մեկնարկը միշտ էլ նշանակալի իրադարձություն է, որը բացահայտում է շնորհալի, տաղանդավոր երիտասարդների։
Ժյուրիի անդամ Էդուարդ Թոփչյանն առանձնացրեց այն փաստը, որ Խաչատրյանի մրցույթը աշխարհում նշանակություն ունեցող իրադարձություն է, ինչը լավ է և՜ Խաչատրյանի, և՜ մեր երկրի պրոպագանդայի առումով։ Նա շեշտեց, որ ուրախ է լինել ժյուրիի կազմում, քանի որ սիրում է օպերային երաժշտությունը։ Էդուարդ Թոփչյանն ասաց, որ պետք է փորձեն, որպեսզի մրցույթը լինի շատ օբյեկտիվ, և ժյուրին կայացնի հնարավորինս ճշգրիտ որոշումները։
Տեղեկացնենք, որ խաչատրյանական մրցույթը բաղկացած է նախընտրական լսումների փուլից և 3 հիմնական փուլերից՝ 1-ին փուլ, 2-րդ փուլ (կիսաեզրափակիչ), 3-րդ փուլ (եզրափակիչ):
Նշենք, որ մրցույթի առաջին փուլում բոլոր մասնակիցները, ի թիվս այլ գործերի, պետք է պարտադիր կատարեն Կոմիտասի ստեղծագործություններից։
Մրցույթի առաջին փուլը (1-ին, 2-րդ օր) կանցկացվի հունիսի 7-ին և 8-ին. ելույթ կունենան նախընտրական փուլում հաղթած 43 մասնակիցները։ Երկրորդ փուլը կկայանա հունիսի 9-ին, 10-ին: Կմասնակցի 20 երաժիշտ: Երրորդ փուլ անցած 10 մասնակիցները հունիսի 11-ին իրենց համարները կփորձեն մրցույթի պաշտոնական՝ Հայաստանի երիտասարդական նվագախմբի հետ, որպեսզի ըստ արժանվույն ներկայանան հունիսի 12-ին և 13-ին կայանալիք երրորդ փուլում, որի ընթացքում էլ կորոշվեն հաղթողները: Հունիսի 14-ին գալա համերգով տեղի կունենա մրցույթի փակման արարողությունը։
Նշենք, որ Արամ Խաչատրյան համերգասրահում այսօր կկայանա հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի կիսանդրու բացման հանդիսավոր արարողությունը: Կիսանդրու ստեղծմանն աջակցել է ռուսաստանաբնակ բարերար Արմեն Սադղյանը: Հեղինակի` Հայաստանի վաստակավոր նկարիչ Միքայել Սողոյանի և բարերարի համատեղ որոշմամբ կիսանդրին նվիրաբերվել է ՀՀ մշակույթի նախարարությանը և 2017 թ. հունվարին տեղափոխվել է Երևան:
Այսօր՝ երեկոյան 19.00, Խաչատրյանի մրցույթի բացման համերգին ելույթ կունենան Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը և հատուկ այս օրվա համար ժամանած ԱՊՀ երկրների երիտասարդական նվագախումբը, Օպերային թատրոնի երգչախումբը, Բոլշոյ թատրոնի մենակատարներ և այլ պատվավոր հյուրեր։ Երեկոյի ընթացքում կհնչեն Արամ Խաչատրյանի, Ժյուլ Մասնեի, Ջոակինո Ռոսսինիի, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի ստեղծագործություններից։
Խաչատրյանական մրցույթն անցկացվում է ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո: Խաչատրյանի միջազգային մրցույթի կազմակերպիչներն են «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամը, ՀՀ մշակույթի նախարարությունը և Երևանի պետական կոնսերվատորիան։
Մրցույթի գլխավոր գործընկերն է ԱՊՀ Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը (МФГС), գործընկերն է «Խաչատրյան» հիմնադրամը, աջակիցը՝ «Արդշինբանկը»։