211652_close_icon
views-count4411 դիտում article-date 18:30 03-06-2017

Հիմա մաքուր ջրի համար «պատերազմներ»​ են համայնքներում. Ինգա Զարաֆյան

«Զուտ տուրիզմի զարգացման տեսանկյունից սա անհրաժեշտություն է, շտապ միջոցառումներ են, որոնք պետք են արագ իրականացվեն: Մենք աղբի կառավարման բաղադրիչներ չունենք, չեմ էլ պատկերացնում, թե երբ կարող ենք ունենալ: Աղբի կառավարումը մեծ գումարների ներդրման գործ է, բիզնեսի հարց է, իսկ մենք որևէ քայլ չենք անում, որ նման բիզնեսը մեր մոտ զարգանա, ներդրումներ լինի: Աղբը միշտ հավաքում են աչքից հեռու մի տեղ՝ աղբավայրում, սակայն աղբի տեսակավորում և վերամշակում այդպես էլ չի կատարվում»,- այսօր լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց բնապահպան, «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը։ Նա ուշադրություն հրավիրեց բնապահպանական այլ խնդիրների վրա, որոնք հանքարդյունաբերության հետևանք են: Բնապահպանը մատնացույց արեց, որ յուրաքանչյուր 1 հեկտար շահագործվող հանքի դիմաց աղտոտվում է 10 հեկտար միջավայր: «Մեզ մոտ ամեն մի հանքի հետևում մի բարձրաստիճան պաշտոնյա է։ Պետք է դիմադրենք, մանավանդ, որ այսօր ունենք 30 հանք, որից 8-ը շահագործվում է, նաև 21 պոչամբար կա։ Մի քանի տարի անց մեր փոքրիկ երկրում կունենանք 10 տոկոս աղտոտված տարածք»,- ահազանգեց բնապահպանը: Ինգա Զարաֆյանն անդրադարձավ նաև ՀՀ-ում ջրի պաշարներին ու որակին և նկատեց, որ մենք արդեն անցել ենք սակավաջուր երկրների ցանկ, իսկ նախկինում միջին մակարդակի երկրների ցանկում էինք. «Հիմա մաքուր ջրի համար «պատերազմներ» են համայնքներում, ու խնդիրը գնալով խորանում է, սա նույնպես հանքարդյունաբերության հետևանք է»,- նշեց նա:

Նմանատիպ նյութեր