211652_close_icon
views-count6836 դիտում article-date 13:41 03-06-2017

Չեմպիոնների լիգա. Ո՞վ կհաղթի տարվա գլխավոր ճակատամարտում. ԱՆՈՆՍ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր կայանում է ֆուտբոլային մրցաշրջանի վերջին և գլխավոր հանդիպումը. Քարդիֆի «Միլենիում» մարզադաշտում՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղում կմրցեն տարվա երկու ուժեղագույն թիմերը՝ Մադրիդի «Ռեալն» ու Տուրինի «Յուվենտուսը»: Այս խաղը հսկայական հետաքրքրություն է առաջացնում: Երևի վերջին 10-12 տարվա ընթացքում առաջին անգամ է, որ ՉԼ-ի եզրափակիչ խաղում ֆավորիտ չի լինելու: Հանդիպելու են բացարձակապես հավասարազոր թիմեր: Հնարավոր չէ որևէ մեկին նախապատվություն տալ: Թե «Ռեալը», թե՝ «Յուվենտուսը», բավական վստահ մրցելույթներով են հասել եզրափակիչ՝ ընթացքում ցուցադրելով բարձրակարգ ֆուտբոլ: Երկու թիմերն էլ հրաշալի մրցաշրջան անցկացրեցին: «Ռեալը» 33-րդ անգամ նվաճեց Իսպանիայի չեմպիոնի կոչումը՝ այդ պայքարում առաջ անցնելով «անձամբ» «Բարսելոնայից», իսկ «Յուվենտուսը», որքան էլ զարմանալի է, նույնպես 33-րդ անգամ դարձավ Իտալիայի չեմպիոն, բայց ավելի վստահ դա արեց, քան՝ մադրիդյան ակումբը: Երկու թիմերում էլ համաշխարհային կարգի խաղացողներ են հավաքված: «Ռեալում» վերջին շրջանում փայլուն մարզավիճակում է գտնվում նրա առաջատարը՝ Կրիշտիանու Ռոնալդուն, հիանալի մրցաշրջան է անցկացնում Մարսելոն, դաշտի կենտրոնում տեր ու տիրություն է անում Կազեմիրո-Կրոս-Մոդրիչ եռյակը, որին կարելի է համարել «Ռեալի» շարժիչը: «Յուվենտուսը» այս մրցաշրջանից առաջ կորցրեց Պոլ Պոգբային, սակայն դրանից թիմի խաղը չտուժեց, ընդհակառակը. տուրինցիները սկսեցին ավելի ճկուն, գրագետ, հարձակողական ֆուտբոլ ցուցադրել: Մասիմիլիանո Ալեգրիի թիմի գլխավոր ուժը համարվում է պաշտպանությունը, որտեղ թագավորում են Կյելինին, Բոնուչին, Սանդրոն և երկրորդ երիտասարդություն ապրող Դանի Ալվեսը, որը իրեն հիշեցնում է «Բարսելոնայի» լավագույն ժամանակների բրազիլացուն: Իսկական զրահապատ մեքենա է հիշեցնում «Յուվեյի» պաշտպանությունը: Եվ, իհարկե, մեծն Բուֆոնը: Ահա այստեղ «Յուվենտուսը» առավելություն ունի «Ռեալի» նկատմամբ: Հարգանք տածելով Կեյլոր Նավասի հանդեպ, պետք է նշենք, որ վերջինս ակումբում չունի այն խարիզման, հեղինակությունը, հարգանքը, որը հատուկ է Բուֆոնին: Բուֆոնը պրոֆեսիոնալիզմի, վստահության իսկական ոգի է փոխանցում թիմակիցներին: Ինչքան էլ դժվար լինի «Յուվենտուսի» համար, բոլորը հանգիստ են. քանի որ վերջին գծում Բուֆոնն է, որին գոլ խփելն ինքնին իրադարձություն է: Դա կարող են հաստատել «Բարսելոնայի» խաղացողները, որոնք քառորդ եզրափակիչում՝ 180 րոպեի ընթացքում այդպես էլ չկարողացան «նեղացնել» լեգենդար դարպասապահին: Մենք գիտենք, որ շատերը այս խաղում երկրպագելու են «Յուվենտուսին» միայն նրա համար, որ Բուֆոնը նվաճի Չեմպիոնների լիգան, քանի որ դա միակ տիտղոսն է, որը չկա նրա փառահեղ կարիերայում: Բայց «Ռեալն» էլ ունի իր զենքը. դա՝ Զինեդին Զիդանն է: Ոչ պակաս տիտղոսակիր, քան՝ Բուֆոնը, որը զարմանալիորեն կարճ՝ ընդամենը 1,5 տարվա ընթացքում հասցրեց թիմի հետ բազմաթիվ տիտղոսներ նվաճել ու ամենակարևորը՝ թիմի խաղամակարդակը անսովոր բարձրության հասցնել: Նա առաջին իսկ տարում նվաճեց Չեմպիոնների լիգան, այժմ էլ ցանկանում է, որպեսզի ակումբը դառնա պատմության մեջ առաջին թիմը, որը երկու տարի անընդմեջ նվաճում է ակումբային ամենահեղինակավոր տիտղոսը: Մի խոսքով, մեզ մեծագույն խաղ է սպասվում. մեծագույն մարզիչներով, խաղացողներով, խելահեղ երկրպագուներով: Մնում է սպասել և վայելել այս մրցավեճը: Իսկ մեր ընթերցողներին առաջարկում են գուշակել հանդիպման ելքը. առաջինը ճիշտ գուշակած օգտատիրոջ անունը մենք կհրապարակենք խաղից հետո՝ ակտիվ հղումով: [b]Չեմպիոնների Լիգա, եզրափակիչ, Կարդիֆ, «Միլիենիում» մարզադաշտ [/b]«Յուվենտուս»-«Ռեալ» Գլխավոր մրցավար՝ Ֆելիքս Բրիխ (Գերմանիա»
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր