Սա, որպես քաղաքականություն, շարունակել չի կարելի և պետք է դադարեցնել հաջորդ տարվանից. Վիգեն Սարգսյան
Գործադիրն այսօր հավանության է արժանացրել «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը:
Փոփոխությամբ նախատեսվում է երկարաձգել ՀՀ օրենքի գործողության ժամկետը: Այն հնարավորություն կտա «Զինապարտության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկին տարիների ընթացքում խուսափած ու 27 տարին լրացած բազմաթիվ ՀՀ քաղաքացիներին սահմանված ժամկետում մուծել համապատասխան վճարը և ազատվել քրեական հետապնդումից:
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշել է, որ այս քաղաքականությունը պետք է դադարեցնել հաջորդ տարվանից: «Առիթ ունեցել ենք խոսել այս օրենքի վերաբերյալ: Այն լավագույն լուծումը չէ, քանի որ ժամկետը պարբերաբար երկարաձգելը ոչ թե խթանում է վերադարձը, այլ խթանում է մինչև 27 տարեկան արական սեռի որոշ քաղաքացիների արտահոսքին: Նրանք հուսով են, որ մինչև 27 տարեկանը արտերկրում գտնվելով, այդ գումարը վճարելու են՝ օրինականացնելով չծառայելը: Այս անգամ ընդհատել պետք չէ, բայց պետք է որոշենք, որ սա, որպես քաղաքականություն, շարունակել չի կարելի և պետք է դադարեցնել հաջորդ տարվանից»,- ասել է նա:
Նախարարը միևնույն ժամանակ վարչապետից հանձնարարական է խնդրել, որ օրենքից բխող որոշման վրա բոլոր շահագրգիռ մարմինների հետ աշխատեն և փաստաթղթերի ցանկն այնպես կարգավորվեն, որ գոնե Հայաստանում գտնվողները չկարողանան այս օրենքից օգտվելով՝ խուսափել ծառայությունից:
«Այդպիսի դեպքեր նախկինում հայտնաբերվել են: Այսինքն՝ պահանջվող փաստաթղթերի մեջ պետք է վերանայում կատարել, որպեսզի ակնհայտ երևա տվյալ անձի արտերկրում գտնվելու փաստը»,- ասել է Վիգեն Սարգսյանը:
Որոշվել է օրինագիծը մինչև Ազգային ժողով ներկայացնելը լրացուցիչ քննարկել և լրամշակել: