3798 դիտում
14:23 31-05-2017
«Ապրեցնենք հային, որ ապրի Հայաստանը». Լոռու մարզի տնակաբնակ 4 ընտանիքներին նոր բնակարաններ հատկացվեցին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
«Ձեռք մեկնիր եղբորդ» բարեգործական ծրագրի շրջանակներում ԱՄՆ «Հայրենիք միություն» կազմակերպության միջոցով «Լոս Անջելեսի Միացյալ Ներդրումային ընկերության» բարերարությամբ գնվեցին, ձեռամբ Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի, հանձնվեցին 14, 15 և 16-րդ նոր բնակարանները:
Ծրագրով տասնչորսերորդ բնակարանը հանձնվեց Ստեփանավան քաղաքի Պրոմեթևս տնակային ավանում բնակվող, հինգ որդիների մայր` Հարությունյան Իրինայի ընտանիքին Բովաձոր համայնքում: Տասնհինգերորդ բնակարանը հանձնվեց Ստեփանավանի տնակային ավանում բնակվող բազմանդամ Անտոնյան Վրեժի և նրա ընտանիքին Լեջան համայնքում: Իսկ տասնվեցերորդ բնակարանը հանձնվեց Օձուն համայնքում բնակվող, սակայն սեփական տանիք չունեցող բազմանդամ Սոխակյան ընտանիքին: Այս համայնքներում բնակարանների գնելու համար Սրբազան Հորը միջնորդել էին հիշյալ համայնքների հոգևոր հովիվները և Ստեփանավանի քաղաքապետ պարոն Միքայել Ղարաքեշիշյանը: Տնօրհնյաց արարողությունները Բովաձոր և Լեջան համայնքներում, հանդիսապետությամբ թեմակալ առաջնորդի, կատարեցին տեղի հոգևոր հայրերը` Տեր Մամբրե քահանա Ոսկանյանը և Տեր Ղազար քահանա Թորոսյանը: Արարողությանը ներկա էր նաև Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը, բնակարանամուտ տոնող ընտանիքների հարազատները և բարեկամները: Օձուն համայնքում տնօրհնյաց արարողությունը կատարեց տեղի հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը:
Ինչպես նշում են բնակարանի տեր դարձած ընտանիքները, յուրաքանչյուր անցնող տարին ավելի անհավանական էր դարձնում երբևէ սեփական տանիք ունենալու հույսը, ուստի պատահածը իրական հրաշք էր:
Հարությունյան Իրինան իր հինգ տղա երեխաներին մեծացրել է թիթեղաշեն տնակի մեջ: Ավագ որդին մասնակցել է ապրիլյան քառօրյա պատերազմին և զորացրվելուց հետո մեկնել է ՌԴ` արտագնա աշխատանքի` ընտանիքին օգնելու համար: Երկրորդ որդին ներկայումս ծառայում է ՀՀ զինված ուժերում: Մյուս երեք որդիները հաճախում են դպրոց և արդեն իսկ պատրաստվում էին արձակուրդներին նոր գնված բնակարանի տնամերձ հողամասը մշակելու: «Երկար տարիներ ապրել ենք անմխիթար ու անբարեկարգ տնակում, տարիներ շարունակ երազելով ամուր տանիք ունենալու մասին։ Աստծո բարեգթությամբ դարձանք այն բազմաթիվ ընտանիքներից մեկը, որին ձեռք մեկնեցին Հայ Առաքելական Եկեղեցու հոգևորականները։ Որդիս, որ ծառայում է հայոց բանակում, վստահ եմ՝ այսուհետ սահմանը պահելիս ավելի ուշադիր, զգոն և հանգիստ է լինելու, գիտի, որ իր ընտանիքը ապահով տանիքի տակ է», - իր խոսքում նշեց զինվորի մայր Իրինան:
Լեջան համայնքում Անտոնյանների ընտանիքում ծնողներից զատ բնակվում են նաև նրանց հինգ զավակները: Լինելով բազմանդամ ընտանիք, ավելի բարդ է եղել տեղավորվել և ապրել փոքրիկ վագոն տնակի մեջ: Ընտանիքի անդամներից, բացի հորից, ոչ ոք չուներ հիմնական աշխատանք, ուստի ունենալ սեփական տուն և տնամերձ հողամաս, լավագույն հնարավորությունն է թեկուզ հողամաս մշակելով վաստակել օրվա հացը:
Օձուն համայնքում նոր բնակարան ստացած Սոխակյան ընտանիքը ևս բազմանդամ է: Սոխակյան Արթուրը և իր կինը` Մարինեն ունեն 6 անչափահաս երեխա` հինգ տղա և մեկ աղջիկ: Ընտանիքը չուներ սեփական տանիք և թեպետ աշխատասեր են, սակայն հազիվ կարողանում էին հոգալ ամենօրյա սնունդն ու անհրաժեշտ հագուստը, իսկ սեփական ուժերով բնակարան ունենալու մասին միայն կարող էին երազել:
«Ձեռք մեկնիր եղբորդ» բարեգործական ծրագրով մոտ օրերս բնակարանամուտ կտոնի ևս մեկ բազմանդամ ընտանիք` Ալավերդի քաղաքից: Սպասենք առաջնորդ Սրբազան Հոր բարի լուրերին:
ԴԻՎԱՆ ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄԻ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
1953 դիտում
15:59 27-04-2017
«Ապրեցնենք հային, որ ապրի Հայաստանը». Տնակներում ապրող ևս 2 ընտանիքներ բնակարանների տեր դարձան. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
1499 դիտում
14:10 09-07-2020
Ծառայություններ ձեռք բերելու նպատակով վարչապետի աշխատակազմին հատկացվեցին ֆինանսական միջոցներ
2125 դիտում
15:02 21-12-2016
Նոր բնակարաններ կհատկացվեն զոհված ոստիկանների ընտանիքներին
Այս բաժնից
1597 դիտում
14:35 22-11-2024
Նոյեմբերի 25-ից ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով. սպասվում են տեղումներ