211652_close_icon
views-count3626 դիտում article-date 13:14 28-05-2017

Ապարանում նույնպես նշվեց Հանրապետության օրը. «Վերածնունդ» հուշահամալիրում ծաղկեպսակներ դրվեցին Դրոյի և Արցախյան պատերազմում զոհված ապարանցիների շիրիմներին

Այսօր՝ մայիսի 28-ին, Առաջին հանրապետության տոնին նվիրված՝ Արագածոտնի մարզի գլխավոր հանդիսության վայրը Ապարան քաղաքի «Վերածնունդ» հուշահամալիրն էր, որն իր շուրջ էր համախմբել մարզի եւ քաղաքի ղեկավարությանը, հարեւան համայնքներից եւ մայրաքաղաքից ժամանած հյուրերին, տեղի բնակչությանը: Ապարանյան այս հողակտորի վրա տեղի է ունեցել հայոց պատմության կարեւորագույն իրադրաձություններից մեկը՝ Բաշ-Ապարանի ճակատամարտը, որը ճակատագրական նշանակություն է ունեցել հայոց առաջին անկախ պետականության կերտման գործում: Այստեղ այսօր վեր է խոյանում ,,Վերածնունդ,, հուշահամալիրը, որը խորհրդանշում է Մեծ եղեռնի նահատակների, Հայրենական եւ Արցախյան պատերազմների զոհերի հիշատակի հավերժացումը: Տոնակատարությունը սկսվեց Ապարանի հրապարակից, ուր ծաղկեպսակներ դրվեցին հրամանատարներ Դրաստամատ Կանայանի և Սեդրակ Ջալալյանի կիսանդրիներին: Այնուհետև բազմությունը քայլերթով շարժվեց դեպի հուշահամալիր, ուր կայացավ տոնախմբությունը: Ներկաները խորին հարգանքով ծաղկեպսակներ դրեցին Դրոյի և Արցախյան պատերազմում զոհված ապարանցիների շիրիմներին: 1918 թվականի մայիսյան իրադարձությունների, Բաշ-Ապարանի ճակատամարտի անփոխարինելի դերի ու նշանակության մասին խոսեցին բոլոր ելույթ ունեցողները: Շնորհավորելով տոնի կապակցությամբ, մարզպետ Գաբրիել Գյոզալյանը նշեց, որ հայ ժողովուրդը մեծագույն հպարտությամբ ու ոգեւորությամբ է նշում Հանրապետության օրը, որը սկիզբ առել Ավարայրի ճակատամարտից եւ շարունակվել ու հասել մինչեւ Սարդարապատ, Ղարաքիլիսա եւ, ի վերջո, մեր հպարտություն` Բաշ-Ապարան: Նշանակալից այս տոնը խորհրդանշում է պայքարի բազում ուղիներ անցած եւ այդ ճանապարհին կարեւորագույն հաղթանակներ ունեցած հայ ժողովրդի պետականության կերտման եւ պահպանման մեծագույն կամեցողությունն ու արժանապատիվ ապրելու ձգտումը: Հանդիսավոր արարողությանը հաջորդեցին զինվորականների կողմից ներկայացված ռազմամարզական ցուցադրությունը եւ համերգը՝ հանրապետության ճանաչված արվեստի գործիչների, երաժշտական կատարողների մասնակցությամբ, որը շարունակվեց ապարանյան բացօթյա հյուրասիրությամբ: [b]ՀՀ Արագածոտնի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր