211652_close_icon
views-count2861 դիտում article-date 11:42 15-05-2017

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Ընտանիքի օրվա առթիվ

ՀՀ ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Ընտանիքի օրվա առթիվ, որում ասված է. «Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ Ընտանիքի օրվա առթիվ: Այս տոնը ծնվում է նախեւառաջ մեր ներսում` մեր հույզերից ու զգացմունքներից, ապա հենվելով արժեքների ու արժեհամակարգի վրա՝ դառնում տուն ու օջախ, երկիր ու պետություն, պատիվ ու արժանապատվություն: Ընտանիքն ինքը յուրատեսակ արժեհամակարգ է, մեր պարագայում` լիովին ազգային արժեհամակարգ, հպարտություն ու հարստություն: Պատմությունը ցույց է տալիս, որ երբ ռազմական եւ ընդհանրապես ուժային որեւէ ճանապարհով անհնար է նվաճել որեւէ երկիր կամ ժողովրդի, ընտրվում է բարոյական հարվածների ուղին, որի գլխավոր թիրախն ընտանիքն է: Երկիրը միասնական ջանք ու զգացմունք համախմբող այն բազմազավակ ընտանիքն է, որտեղ կարեւոր ու անհրաժեշտ են յուրաքանչյուրի ներդրումը, յուրաքանչյուրի ծառայությունը, յուրաքանչյուրի սերն ու սրտացավությունը: Որքան շահագրգիռ ենք ամուր պահել, պաշտպանել մեր ընտանիքները, նույնքան նվիրվածությամբ ենք մտածում մեր երկիրը պահելու ու պաշտպանելու մասին եւ հակառակը: Մենք այս մտածելակերպի լավագույն կրողներից ենք, ինչն ապացուցել ենք մեր պատվախնդրությամբ եւ ընտանեկան օջախի հանդեպ առանձնահատուկ վերաբերմունքով: Մենք շարունակում ենք մնալ այդպիսին, որովհետեւ ընտանիքի, ծնողի, զավակի, հարազատի հանդեպ մեր վերաբերմունքը բնական է ու անկեղծ, որովհետեւ ընտանեկան ջերմության համար մեզ արհեստական ոչինչ անհրաժեշտ չէ, որովհետեւ մեզ խորթ է ընտանեկան օջախին հյուրանոցի նման վերաբերվելու հոգեբանությունը: Վերստին շնորհավորելով մարդկային ջերմությամբ լեցուն այս տոնի առթիվ` մաղթում եմ բոլոր ընտանիքներին խաղաղություն, բարեկեցություն եւ համերաշխություն»:

Նմանատիպ նյութեր