ԵԱՀԿ Մինսկի խումբը տարածաշրջան կայցելի հունիսի վերջին, կամ հուլիսի սկզբին. Ռիչարդ Հոգլանդ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հունիսին կամ հուլիսի սկզբին կայցելեն տարածաշրջան: Այդ մասին հայտնել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը Վաշինգտոնում «Հայ-ադրբեջանական հակամարտության միջազգային քաղաքականությունը» համաժողովին ելույթ ունենալիս, գրում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը:
Հոգլանդը ելույթում նշել է, որ Մինսկի խմբի համանախագահները մշտապես աշխատում են հակամարտության կողմերի հետ, փորձելով օգնել հակամարտության լուծում գտնելու հարցում:
«Մենք չենք հանձնվում, կողմերը չեն հանձնվում, ոչ ոք չի հանձնվում: Բոլորը փնտրում են կայուն խաղաղության հասնելու ուղին»,- ասել է ԱՄՆ համանախագահը:
Նրա խոսքով՝ Մինսկի խումբը ցանկանում է հնարավրինս շուտ վկա լինել Հայաստանի և Ադրբեջաննի նախագահների հանդիպմանը:
«Անհրաժեշտ է իրականացնել 2016թ. Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում երկու առաջնորդների ձեռք բերած պայմանավորվածությունները»,- նշել է Հոգլանդը: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն պատրաստ է բոլոր հնարավոր միջոցներով աջակցել կողմերին հակամարտության կարգավորման գործում, սակայն կողմերը պետք է բարելավեն բանակցությունների մթնոլորտը, պատրաստելով իրենց ժողովուրդներին խաղաղությանը, այլ ոչ թե պատերազմին: