Տարոն Մարգարյանի նախընտրական հանդիպումը Նոր Նորքի բնակիչների հետ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Երևանի գործող քաղաքապետ, ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակում ՀՀԿ ավագանու թեկնածուների հետ միասին շարունակում է նախընտրական հանդիպումներ ունենալ երևանցիների հետ: Տարոն Մարգարյանի հերթական հանդիպումը Նոր Նորքի բնակիչների հետ էր:
Ներկայացնելով Հանուն Երևանի նախընտրական ծրագրի դրույթներն ու առաջիկա տարիներին նախատեսվող ծրագրերը՝ Երևանի գործող քաղաքապետը մեկ անգամ ևս ընդգծել է, որ Երևանի ավագանու այս թիմը միշտ է եղել բնակիչների կողքին, լսել է նրանց խորհուրդներն ու առաջարկները՝ փորձելով հնարավորին արագ լուծումներ տալ քաղաքացիների օրակարգային խնդիրներին: Տարոն Մարգարյանը նաև նշել է, որ այսօր էլ նոր ծրագրերը ներկայացնելուն զուգահեռ, թիմը հաշվետվություն է տալիս բնակիչներին՝ նախորդ չորս տարիներին հենց երևանցիների վստահությամբ կատարած աշխատանքի համար:
«Վաղն արդեն կավարտվի նախընտրական քարոզարշավն ու մեզանից յուրաքանչյուրն ինքն իր մեջ կվերլուծի, թե ու՞մ կարող է վստահել Երևանի առաջիկա 5 տարվա զարգացման ապահովումը: Մեզանից յուրաքանչյուրն, ըստ էության, որոշելու է, թե ի՞նչն է իր համար կարևոր. ուղղակի հաճելի խո՞սքն ու խոստումնե՞րը, թե՞ գործն ու իրատեսական ծրագրերը: Հաշվի առնելով վերջին 4 տարիների մեր համատեղ անցած ճանապարհը, երբ կյանքի էինք կոչում Ավելի լավ Երևան ունենալու մեր ծրագիրը, ես վստա՛հ եմ, որ մեր բնակիչները կնախընտրեն գործն ու իրատեսական ծրագրերը: Այդ 4 տարիների ընթացքում դուք բազում առիթներ ունեցա՛ք համոզվելու, որ մեր թիմն ունի՛ բոլոր այն որակները, որոնք անհրաժեշտ են նույնիսկ ամենահավակնոտ ծրագրերը կյանքի կոչելու և մեր մեծ տան՝ Երևանի, շարունակական զարգացումն ապահովելու համար»,- նշել է Տարոն Մարգարյանը:
Առաջնորդվելով համաչափ զարգացման սկզբունքով քաղաքային իշխանությունն այս տարիների ընթացքում ապացուցեց, որ թիմի համար Երևանի բոլոր վարչական շրջաններն են կարևոր ու հարազատ, ընդգծել է Երևանի գործող քաղաքապետ, ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանն ու նկատել, որ թիմի փորձառությունը կայանում է հենց նրանում, որ ոչ թե սին խոսքերով ու խոստումներով, այլ գործով ապացուցեց երևանցու հանդեպ իր հոգատարությունն ու սրտացավությունը:
«Երևանը զարգացող քաղաք է, շնչող օրգանիզմ, որը միշտ էլ ունենալու է խնդիրներ: Բայց այդ խնդիրները մեզ չպետք է վախեցնեն: Մենք կարո՛ղ ենք փորձառու և բանիմաց թիմով, ձեզ հետ միասին, փոխադարձ վստահությամբ և հավատով հաղթահարել բոլոր դժվարություններն ու լուծել բոլոր խնդիրները: Առաջիկա 5 տարիներին մենք կյանքի ենք կոչելու բոլոր այն ծրագրերը, որոնք ներառված են նախընտրական մեր ծրագրում: Եվ, ընդհանրապես, վստա՛հ եղեք, որ Երևանի զարգացման մեր ծրագիրն իրատեսական լուծումներ է ներկայացրել բոլոր ուղղություններով, ինչն ապահովելու է մեր քաղաքի համաչափ զարգացման շարունակականությունը», - նշել է Երևանի գործող քաղաքապետը:
Նոր կառուցված ճանապարհներ, բարեկարգված ու նոր ստեղծված հանգստի գոտիներ, վերականգնված ու ընդլայնված կանաչ տարածքներ, բարեկարգված մշակութային ու մարզական օջախներ, Տարոն Մարգարյանը խոսելով անցած 4 տարիների ընթացքում Երևանում կատարված աշխատանքների մասին՝ վստահեցրել է, որ առաջիկա տարիներին ևս թիմը շարունակելու է բնակիչների հետ ամենօրյա աշխատանքի արդյունքում լուծումներ տալ բոլոր այն խնդիրներին, որոնք այսօր առաջնային են քաղաքացիների համար:
«Մեր թիմը, զուտ դուր գալու համար, հաճելի խոսքեր երբեք չի՛ ասել ու չի՛ ասի: Մենք հստակ ասում ենք, որ կա՛ն խնդիրներ, կա՛ն ծրագրեր և կա՛ն լուծումներ ու դրա համար մեզ անհրաժե՛շտ է ձեր վստահության քվեն և ժամանակ, որպեսզի այդ ծրագրերն ու լուծումները միասին կյանքի կոչենք՝ Հանու՛ն մեր ապագայի, Հանու՛ն մեր երեխաների և Հանու՛ն Երևանի: Դրա համար, սիրելի երևանցիներ, կո՛չ եմ անում, որ մայիսի 14-ին վստահեք ա՛յն թիմին, որը հստակ ներկայացնում է իր անելիքներն ու բոլոր այն խնդիրների լուծումները, որոնք սպասված են մեր բնակիչների կողմից»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը: