211652_close_icon
views-count3459 դիտում article-date 10:24 10-05-2017

«Հաց բերող» Արթուրի մահն, անշուշտ, նրան երկու անգամ կալանավորելու որոշում կայացնող քննիչների խղճին է. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Քանի որ քաղաքական ուժերը և ֆեյսբուքյան խիզախ ընդդիմադիրները արդեն բոլոր հնարավոր և անհնարին քաղաքական, ինչպես նաև անձնական դիվիդենդները քաղել են Արթուր Սարգսյանի մահվանից, ես, ինչպես և խոստացել էի, կփորձեմ հանգիստ, առանց հույզերի խոսել այդ մարդու և նրա շուրջ հյուսվող լեգենդի մասին՝ հասկանալով, իհարկե, որ նույնիսկ հիմա, երբ կրքերը հանդարտվել են, կարժանանամ «համացանցային ֆիդայիների» քննադատությանը: «Սասնա ծռեր» զինված խումբն, ըստ նախաքննության նյութերի, հարձակվել է ոստիկանական գնդի վրա, սպանել է ոստիկաններին, պատանդներ է պահել, այրել է մեքենաներ, թալանել է տարածքում առկա բանկոմատը: Այսինքն՝ ենթադրաբար, կատարել է մի շարք ծանր հանցագործություններ: Ոստիկանությունը պե՞տք է շրջափակման մեջ վերցներ այդ տարածքը: Ինձ թվում է` պարտավոր էր: Պե՞տք է հետ մղեր ցուցարարների և նրանց առաջնորդող քաղաքական գործիչների հարձակումները, որոնց նպատակն էր ճեղքել ոստիկանների օղակը և «միանալ տղերքին»: Նույնպես պարտավոր էր: Արդյո՞ք ոստիկանությունը Խորենացի փողոցում և Սարի թաղում գործում էր պրոֆեսիոնալ և օրենքի շրջանակներում: Ոչ, ոստիկանները գործում էին փնթի, հաճախ անհամաչափ և ապօրինի, ինչի մասին շատ մանրամասն գրված է Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցում: Սակայն ոստիկանության աշխատանքի թերությունները չեն չեզոքացնում «Սասնա ծռերի» կատարած ենթադրյալ հանցագործությունը: (Կրկնում եմ՝ «ենթադրյալ» բառը, քանի որ, ինչպես հայտնի է, մարդկանց կարող է հանցագործ անվանել միայն դատարանը): Արդյո՞ք վտանգ ներկայացնող օջախը շրջափակած ոստիկանները պարտավոր էին զինված խմբին ամեն օր «Դոլմամայից» ուտեստներ բերել: Կարծում եմ` ոչ: Ոստիկանները պարտավոր էին որոշակի մակարդակում պահպանել խմբի անդամների և հատկապես պատանդների կենսունակությունը, ինչը և արվում էր՝ դատելով նրանից, որ մինչև «հաց բերելը» ոչ ոք սովից չմահացավ: Արթուր Սարգսյանը, հաց բերելու նպատակով, ինչ-որ կերպ ճեղքեց շրջափակող ոստիկանական օղակը, այսինքն՝ ենթադրաբար, նույնպես խախտեց օրենքը: Արդյոք պարտադի՞ր էր որպես Արթուրի խափանման միջոց ընտրել կալանքը: Ինձ թվում է` ոչ, նա որևէ ձևով չէր կարող խոչընդոտել քննությանը: Արթուրի մահն, անշուշտ, նրան երկու անգամ կալանավորելու որոշում կայացնող քննիչների խղճին է: Արթուրի խիզախությունը, բարությունը, ազնվությունը արժանի են գովասանքի: Բայց հերոսացնել անօրինական վարքը, դարձնել այն չափանիշ, հյուսել դրա շուրջը լեգենդներ՝ դա նշանակում է այլ օրինակներ, այլ հերոսներ, եթե ուզեք՝ այլ առասպելաբանություն չունենալ: Հերոսն, իմ կարծիքով, նա է, ով պետության կողմից տրված զենքով կանգնած է իր պետության սահմանի առաջնագծում, ոչ թե նա, ով քշում է իր մեքենան զինված խումբը շրջափակող ոստիկանական շղթայի վրա»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր