Իրանի պաշտպանության նախարարը սպառնալիքներ է հնչեցրել Սաուդյան Արաբիայի հասցեին
Իրանի պաշտպանության նախարար Հոսեին Դեհղանը նախազգուշացրել է Սաուդյան Արաբիայի իշխանություններին, որ Թեհրանը չի վնասի միայն մուսուլմանների սրբավայր Մեքքան ու Մեդինան, եթե Էր-Ռիյադը ոչ խելամիտ քայլեր սկսի անել Իրանի նկատմամբ, հաղորդում է Tasnim-ը։
«Մենք նրանց խորհուրդ ենք տալիս չհիմարանալ, սակայն, եթե որևէ չմտածված քայլ անեն, ապա ոչ մի կանգուն բան չենք թողնի, բացի Մեքքայից ու Մեդինայից»,-ասել է իրանցի նախարարը։
Հայտարարությունը Դեհղանն արել է այն բանից հետո, երբ Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարի տեղակալ, թագաժառանգ Մուհամմեդ բեն Սալմանը հայտարարել է, որ իսլամական աշխարհը տնօրինելու Իրանի ցանկությունը խոչընդոտ է հանդիսանում Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում։
Ըստ բեն Սալմանի՝ Իրանը ձգտում է ձեռքը դնել Սաուդյան Արաբիայի սրբավայրերի Քաաբի և Մեքքայի վրա։