Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Էդուարդ Թադևոսյանին հոբելյանի առթիվ
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ, ջութակահար Էդուարդ Թադևոսյանին՝ ծննդյան 70-ամյակի առթիվ: Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Ուղերձում ասված է. «Մեծ է Ձեր ավանդը հայ մշակույթի և հայկական կատարողական արվեստի ավանդույթների հարստացման և զարգացման գործում:
Երկար տարիների արդյունավետ համերգային և մանկավարժական գործունեության շնորհիվ Դուք արժանիորեն դասվում եք հայ երաժշտարվեստի երախտավորների շարքին:
Բարձր գնահատականի է արժանի Կոմիտասի անվան ազգային քառյակի կազմում տասնամյակների Ձեր նվիրված աշխատանքը, որի շնորհիվ գրվել են երաժշտախմբի տարեգրության նշանակալի էջերը:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանիկ կյանք և նոր ձեռքբերումներ»։