Հայաստանում կամավորական աշխատանքի խթանման համար օրենք է մշակվում
Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի ինստիտուտի ձևավորման լիարժեք իրավական հիմքեր ստեղծելու համար օրենքի նախագիծ է մշակվում: Այս մասին ապրիլի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
«Շատ էական եմ համարում այս գործընթացը, քանի որ նախատեսում ենք, որ կամավորականությունը նույնպես զարգանա: Նախատեսում ենք որոշակի մեխանիզմներ, որպեսզի երիտասարդները, ընդգրկվելով կամավորականության շրջանակներում, ունենան հնարավորություն ձեռք բերված համապատասխան գիտելիքներն օգտագործելու հետագա աշխատանքներում»,- ասաց նախարարը:
Նախատեսվում է օրենքով ապահովել կամավորական գործունեության և կամավոր աշխատանք կատարելու հետ կապված հարաբերությունների նոր կարգավորումների հայեցակարգային հիմքերը: