Արցախում զոհված զինծառայող Նարեկ Հարությունյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
Արցախի Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 25-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Նարեկ Հարությունյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով ապրիլի 24-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Նարեկ Հմայակի Հարությունյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների: