97811 դիտում
21:29 24-04-2017
Ոստիկանությունը հայտնաբերել է Երևանում 3 հոգու մահվան պատճառ դարձած աղմկահարույց ավտովթարի կասկածյալին. նա, ով 32-ամյա գործարար է, տեղափոխվեց Նուբարաշենի բանտ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ ապրիլի 23-ին, Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ է տեղափոխվել Հրազդան քաղաքի Կոստանդյան փողոցի բնակիչ, 32-ամյա Արման Բաղդասարյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Բաղդասարյանը կասկածվում է ապրիլի 22-ին Երևանում 3 հոգու մահվան ելքով ավտովթարում մասնակցություն ունենալու մեջ:
Երեկ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբում ներգրավված հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Դավիթ Մարտիրոսյանն ու Գագիկ Հարությունյանը միջնորդություն էին ներկայացրել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի վթարի վայրից փախուստի դիմած, այնուհետև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների կողմից հայտնաբերված Ա. Բաղդասարյանի նկատմամբ:
Դատավոր Ռուբեն Ներսիսյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է ՀԿԳ ավագ քննիչների միջնորդությունը և որոշում է կայացրել , որ կասկածյալին հայտնաբերելու դեպքում տեղափոխեն Նուբարաշենի բանտ՝ խափանման միջոց ընտրելով երկամսյա կալանք:
Դատարանի որոշումից ժամեր անց ոստիկանները հայտնաբերում են Ա. Բաղդասարյանին և տեղափոխում Նուբարաշենի բանտ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալ Ա. Բաղդասարյանը Ռուսաստանի Դաշնությունում զբաղվում է բիզնեսով:
Նրան հայտնաբերելու օպերատիվ-հեոտախուզական գործողությունները ղեկավարել են Երևանի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանը և ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանը:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2017/04/22/1065026/]ավելի վաղ[/url] դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, ապրիլի 22-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:40-ի սահմաններում Ջանիբեկյան-Բաշինջաղյան փողոցների խաչմերուկում բախվել էին Opel Astra մակնիշի 34 RA 022 Nissan Patrol մակնիշի У 835 CP-123 համարանիշի և Opel Zafira մակնիշի 34 ZQ 976 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 3 հոգի ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել էին «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ էլ գիտակցության չգալով՝ մահացել էին:
Դեպքի վայր էին ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 7, թիվ 16 հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ:
Ժամանել էր նաև ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ Փրկարար ծառայության կապիտան Դավիթ Մուրադյանի, նույն կենտրոնի հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչ, Փրկարար ծառայության ավագ լեյտենանտ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ:
Վիրավորներին Opel Astra-ի միջից դուրս էին բերել քաղաքացիները, հետո արդեն դեպքի վայր ժամանած փրկարարները:
Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ պետի տեղակալ Արտաշես Վանյանի և հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանն ու Երևանի քննչական վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանը դեպքի վայրից մեկնել են հիվանդանոց՝ պարզելու տեղափոխվածների ինքնությունը։
Փաստի առթիվ Գ. Հարությունյանի որոշմամբ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 3-րդ մասի և 244 հոդվածի հատկանիշներով:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածներն են՝ Երևան քաղաքի Մարգարյան փողոցի 37 շենքի բնակիչ, 29-ամյա Հարություն Հարությունյանը, Երևան քաղաքի Շինարարների փողոցի 24 շենքի բնակիչ, 30-ամյա Վահան Արշակյանը և Երևան քաղաքի 16 թաղամասի բնակիչ, 32-ամյա Վանիկ Գասպարյանը:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվող կամ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 116+
116+