2410 դիտում
12:53 21-04-2017
Ճիշտ ուղու վրա եք, բայց խնդրում եմ տեմպերն արագացնել. վարչապետը՝ առողջապահության նախարարության աշխատակազմին
Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ՀՀ առողջապահության նախարարություն, ղեկավար կազմի հետ քննարկել գերատեսչության ծրագրերը, բարեփոխումների ընթացքն ու առաջիկա անելիքները:
Կառավարության ղեկավարին ներկայացվել են առողջապահության ոլորտի ֆինանսավորման և ֆինանսական վերահսկողության բարելավման ուղղությամբ արված աշխատանքները: Զեկուցվել է, որ ռազմավարական հարցերի շրջանակում իրականացվել է ոլորտի բյուջեի վերլուծություն, կատարվել են հաշվարկներ, թե ինչպիսին պետք է լինի իդեալական բյուջեն, և մշակվել է ֆինանսավորման մեխանիզմների բարելավման ժամանակացույց: Մանրամասներ են ներկայացվել ապահովագրական փաթեթների, այն գործողությունների ու մեխանիզմների վերաբերյալ, որոնք առաջարկվում է փուլ առ փուլ ներդնել: Մասնավորապես, 100 հազար պետական ծառայողի համար մշակվել է ստացիոնար բուժօգնության համապարփակ փաթեթ, որի շրջանակում պետական ծառայողները կկարողանան ընտրել իրենց բուժհաստատությունները, չեն լինի հերթագրումներ, կստանան պատշաճ կարգի ստացիոնար բուժօգնություն: Փաթեթն արդեն ներկայացվել է կառավարության քննարկմանը: Մյուսը 612 հազար անապահով և հաշմանդամություն ունեցող քաղաքացիներին պատկառելի չափի ստացիոնար հիվանդանոցային բուժօգնության ծառայությունների փաթեթն է, որը նախատեսվում է կառավարություն ներկայացնել այս տարվա հուլիսին:
Օպերատիվ հարցերի շրջանակում վերանայվել են պետպատվերի ծառայությունների գները, կատարվել է բյուջետային ծրագրերի արդյունավետության գնահատում: Ներկայացվել են նաև պետական մասնակցությամբ ընկերություններում գործարար ծրագրերի և եռամսյակային հաշվետվողականության, պետպատվեր իրականացնող բժշկական հաստատություններում ֆինանսական հաշվետվողականության համակարգերի և պարտադիր արտաքին աուդիտի իրականացման պահանջի ներդրման ուղղությամբ կատարված վերլուծության արդյունքները:
Վարչապետը հետաքրքրվել է, թե ինչպես են բաշխվում պետական պատվերի շրջանակում տրամադրվող միջոցները՝ ինչ մեխանիզմով և հայտանիշներով: Կառավարության ղեկավարը նշել է, որ մարզային այցերի ժամանակ ծանոթացել է պետպատվերի բաշխման գործընթացին, որն արդյունավետ և հասցեական չէ, և ստվերային շրջանառությունը վերացնելու համար անհրաժեշտ է հիմնովին փոխել պետական մոտեցումն այս ոլորտում: «Դուք մշակե՞լ եք հստակ, կոշտ ադմինիստրատիվ ծրագիր՝ պետպատվերով աշխատող բուժհաստատությունների համար, որի նպատակը պետք է լինի հետևյալը. քո կոմերցիոն բաղադրիչը պետք է լինի այսքան, եթե ոչ, մինչև ես գամ հասնեմ իդեալական համակարգին , հաջորդ տարի քո հայտը տալու ժամանակ քեզ նայելու եմ որպես շատ ստվերային կառույց և պետպատվեր չեմ տալու: Եթե ես ձեր փոխարեն լինեի, հաջորդ տարի նրանց համար, ովքեր գալու են պետպատվեր վերցնելու, հայտանիշներով շատ կոշտ կոմերցիոն ծավալը կբարձրացնեի», - ասել է Կարեն Կարապետյանը: Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը զեկուցել է, որ նախատեսվում է այս տարվա հուլիսին պետպատվերի համակարգում բարեփոխումների նախագիծը ներկայացնել կառավարություն, իսկ հոկտեմբերից՝ տալ մեկնարկը: Կառավարության ղեկավարը հանձնարարել է արագացնել աշխատանքները:
Վարչապետն անդրադարձել է նաև մարզային, համայնքային առողջապահական կլինիկաների գործունեությանը՝ նշելով, որ թե´ Երևանում, թե´ մարզերում կլինիկաները պետք է գործեն միասնական առողջապահական քաղաքականության շրջանակում: «Որպես այս ոլորտի փիլիսոփայությունը և քաղաքականությունը որոշող մարմին՝ դուք պետք է ձևակերպեք՝ ինչ պետք է լինի և վերահսկեք: Այստեղ կա դիսբալանս, որը պետք է կարգավորել», - նշել է Կարեն Կարապետյանը: Ի պատասխան Լևոն Ալթունյանը նշել է, որ հարցի լուծումը նախարարությունը տեսնում է նորմատիվների ներդրման մեջ. պետք է նորմավորվի և´ աշխատակիցների, և´ բժիշկների քանակը, և´ բժիշկների զբաղվածությունը, և´ ծառայությունների մատուցումը: Գործընթացը նախատեսվում է ավարտին հասցնել այս տարվա վերջին: Կարևորելով առկա իրավիճակի շտկումը և հավասարակշռված կառավարման ապահովումը՝ կառավարության ղեկավարը նշել է. «Ես ակնկալում եմ, որ շատ արագ՝ դուք որոշեք, թե որն է իրականում պետք, մի քանի կլինիկա փորձեք տալ կառավարման և մեկ-երկու ոչ հայաստանյան, միջազգային օպերատոր բերեք, ուղղակի մշակույթ փոխեք»:
Վարչապետին զեկուցվել է նաև առողջապահական համակարգի կառուցվածքային բարեփոխումների և օպտիմալացման ընթացիկ արդյունքների մասին: Նշվել է, որ վերլուծությունն իրականացվել է՝ որպես վերջնական նպատակ ունենալով բուժկենտրոնների, բժիշկների և մահճակալների օպտիմալ քանակի սահմանումը, ինչպես նաև ելնելով բժշկական ծառայության առանձնահատկությունից՝ հասանելիության նորմատիվի և բժշկի զբաղվածության սահմանումը: Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ հնարավոր տնտեսման չափը կկազմի մինչև 30 տոկոս:
Պատասխանատուները հաշվետվություն են ներկայացրել նաև հիվանդությունների վերահսկման և կանխարգելման, դեղերի և բժշկական ապրանքների ոլորտներում, կենտրոնացված գնումների հարթակի, գործելակարգերի և ուղեցույցների, էլեկտրոնային առողջապահության (E-health) համակարգի ներդրման ուղղությամբ փաստացի իրականացված աշխատանքների, մինչև 2018 թ. նախատեսված աշխատանքների պլանի և առկա խնդիրների, առողջապահական ԾԻԳ-ի ծրագրերի վերաբերյալ:
Վարչապետի՝ դեղորայքի շուկայի և էլեկտրոնային առողջապահության համակարգի վերաբերյալ հարցերին ի պատասխան զեկուցվել է, որ դեղերի կենտրոնացված գնումների համակարգի ներդրման արդյունքում որոշ դեղերի գինը նվազել է: Իսկ E-health-ն էլ նախատեսվում է ներդնել 2 փուլով՝ նախ պետպատվեր իրականացնող բուժհաստատություններում, ապա ողջ հանրապետության մասշտաբով լիցենզավորված բոլոր հաստատություններում և դեղատներում: Այս շաբաթվանից արդեն 6 մարզ աշխատանքները կազմակերպում է այս համակարգով, իսկ արդեն ողջ երկրով E-health-ի մեկնարկը նախատեսվում է տալ 2017 թ. հոկտեմբերին: Ընդ որում, 100 հազար պետական ծառայողի և 612 հազար անապահով քաղաքացիների համար մշակված վերոնշյալ ծրագրերը 100 տոկոսով ընթանում են էլեկտրոնային առողջապահության համակարգի գործարկմանը զուգահեռ:
Կառավարության ղեկավարը, ամփոփելով խորհրդակցությունը, նշել է, որ առողջապահության նախարարությունը բարեփոխումների ճիշտ ուղիով է ընթանում և հորդորել է արագացնել աշխատանքների տեմպերը:
Նմանատիպ նյութեր
1113 դիտում
18:29 12-10-2014
Ֆրանսիայի հավաքականը ճիշտ ուղու վրա է. Դեշամ
5197 դիտում
14:40 14-11-2017
Արթուր Պետրոսյան. Կարծում եմ՝ ճիշտ ուղու վրա ենք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
631 դիտում
15:40 27-11-2024
2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա
931 դիտում
15:26 27-11-2024
Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 5-8 աստիճանով
553 դիտում
15:09 27-11-2024
ՀԱՊԿ-ին անդամակցությունը հավ չի, որ դնես սառնարան, սառեցնես, հետո հանես. Արթուր Խաչատրյան