211652_close_icon
views-count10542 դիտում article-date 22:10 14-04-2017

ՀՀ Ֆրանկոֆոն երիտասարդական խորհրդարանի անդամներին ընդունել է Արցախի խորհրդարանի նախագահը

Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ապրիլի 14-ին ընդունել է ՀՀ ԱԺ պատգամավոր, Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանի գլխավորությամբ Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության Ֆրանկոֆոն երիտասարդական խորհրդարանի անդամներին: Ողջունելով ներկաներին՝ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը կարևորել է ֆրանկոֆոն երիտասարդների ճանաչողական այցն Արցախ և ընդգծել խմբի պահանջված դերակատարությունը՝ միջխորհրդարանական կապերի զարգացման գործում: «Ձեր շուրջը համախմբելով ձեր հասակակիցներին, ընկերներին՝ դուք հնարավորություն ունեք ընդլայնել այն շրջանակը, որն աջակից կդառնա մեր ընդհանուր գործին և կնպաստի մեր նպատակների իրականացմանը՝ Արցախի միջազգային ճանաչման, մեր երկրամասն արտաքին աշխարհին ներկայացնելու, հայ-ֆրանսիական ավանդական բարեկամությունը զարգացնելու կտրվածքով»,- նշել է Աշոտ Ղուլյանը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Մարգարիտ Եսայանը նշել է, որ կարևորում է Հայաստանի ԱԺ ֆրանկոֆոնիայի երիտասարդական պառլամենտի ներկայացուցիչների այցն Արցախ՝ տեղում իրավիճակին հաղորդակից լինելու տեսանկյունից, ինչը հնարավորություն կտա նրանց հետագայում առավել հավաստի տեղեկություններով հանդես գալ եվրոպական կառույցներում կամ օտարազգի իրենց ընկերների հետ շփման ընթացքում: Խոսելով ֆրանկոֆոնիայի միջազգային ծրագրերին Արցախի ֆրանկոֆոն երիտասարդների ներգրավվածության մասին՝ ՀՀ Ֆրանկոֆոն երիտասարդական խորհրդարանի անդամ Շիրազ Հովակիմյանը կարծիք է հայտնել, որ Արցախը բոլոր հնարավորություններն ունի ներգրավվելու ֆրանկոֆոն երկրի միջավայր և երիտասարդների խնդիրն է Արցախը ներկայացնել որպես ֆրանկոֆոն արժեքներ կրող երկիր: Այնուհետև, ԱԺ նախագահը անդրադարձել է ինչպես Հայաստանի և Արցախի արտաքին ու ներքին քաղաքական զարգացումներին, այնպես էլ Ֆրանսիայի հետ պատմական և ներկայիս համագործակցությանը, քննարկվել են նաև երկուստեք փոխգործակցության հեռանկարները և ուրվագծվել կոնկրետ անելիքները: Հանդիպմանը մասնակցել է նաև ԱԺ պատգամավոր, Ղարաբաղ-Ֆրանսիա բարեկամության շրջանակի անդամ Լեռնիկ Հովհաննիսյանը: Երեկոյան Աժ նիստերի փոքր դահլիճում տեղի է ունեցել Արցախի և Հայաստանի Ֆրանկոֆոն երիտասարդների հանդիպումը, որի ընթացքում ստորագրվել է համատեղ հուշագիր: Հուշագրում մասնավորապես ասված է. «Մենք՝ Հայաստանի Հանրապետության Երիտասարդ Ֆրանկոֆոնների պառլամենտի անդամներս, վստահ ենք, որ Արցախի մեր գործընկերները կարող են նպաստել Արցախի Հանրապետության՝ Ֆրանկոֆոնիայի մեծ ընտանիքի լիարժեք անդամ դառնալուն և մեր աջակցությունն ենք հայտնում մեր գործընկերներին պառլամենտի հիմնման և կայացման պատասխանատու գործում»: [b]ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԺ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ[/b]

Նմանատիպ նյութեր