211652_close_icon
views-count4712 դիտում article-date 14:01 13-04-2017

Բոլոր ջրօգտագործողների համար ջրօգտագործման հնարավորինս հավասար պայմաններ ապահովել. Կարեն Կարապետյան

Կառավարության այսօրվա նիստում նախանշվել են քայլեր բոլոր ջրօգտագործողների համար ջրօգտագործման հնարավորինս հավասար պայմաններ ապահովելու նպատակով: Գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող համայնքների ջրօգտագործողներին պետական աջակցության սահմանման վերաբերյալ Կարեն Կարապետյանը նշել է. «Ներկայում ավարտական փուլում են գտնվում 2017 թվականի ոռոգման շրջանի նախապատրաստական աշխատանքները: Որոշ տարածքներում հողօգտագործողներն արդեն սկսել են հողի մշակման աշխատանքները: Փաստ է, որ պայմանավորված հողի ֆիզիկական կազմով՝ հանրապետության շուրջ 70 համայնքների հողատարածքներ ունեն գերնորմատիվային ջրապահանջ, իսկ որոշ տարածքներում՝ դրանից բարձր, ինչի պատճառով այդ տարածքներում մատակարարված ջրի դիմաց ձևավորվում է մեծ հասույթ, ինչը հետագայում ջրօգտագործողների կողմից գերնորմատիվայինից ավելիի մասով չի վճարվում՝ տարեցտարի աճողական կարգով ձևավորելով անհուսալի դեբիտորական պարտավորություններ: Այս հանգամանքը գյուղատնտեսության ոլորտում ձևավորում է ոչ հավասար մրցակցային պայմաններ հողօգտագործողների համար, իսկ ջրամատակարար կազմակերպությունների մոտ առաջացնում է ֆինանսական ճեղքվածք»: Ելնելով վերոգրյալից՝ 2017 թվականի ոռոգման շրջանն առավել արդյունավետ կազմակերպելու, բոլոր ջրօգտագործողների համար ջրօգտագործման հնարավորինս հավասար պայմաններ ապահովելու նպատակով վարչապետը հանձնարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարարին՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության և Ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ համատեղ 1-ամսյա ժամկետում մշակել և սահմանված կարգով շրջանառության մեջ դնել «2017 թվականին գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող համայնքների ջրօգտագործողներին պետական աջակցություն տրամադրելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ՝ նպատակ ունենալով այն ընդունել մինչև ս.թ. մայիսի 31-ը։ Դիմելով ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանին՝ վարչապետը նշել է. «Ամեն ինչը կարգավորում եք այնպես, որպեսզի գերնորմատիվային կորուստներ չառաջանան, այդ ամեն ինչը չտեղափոխվի ՋՕԸ-եր: Ունիֆիկացիա եք անում, որպեսզի այնպես չլինի, որ մի համայնքում 1000 դրամ են վճարում ջրօգտագործման մուտքի համար, իսկ մյուս համայնքում՝ 5000 դրամ: Այս տարվա մեջ բոլոր ռեֆորմներն անում եք՝ ֆինանսական կարգապահության, կորուստների, հաշվառման, հաշվիչների հետ կապված: Ձեզնից ակնկալում ենք ՋՕԸ-երի համակարգում կտրուկ ռեֆորմ»:

Նմանատիպ նյութեր