211652_close_icon
views-count2839 դիտում article-date 16:48 11-04-2017

Յուրաքանչյուր գումարի ծախսին և որոշմանը պետք է հետևի թվային պատասխան. վարչապետն այցելել է Գյուղնախարարություն

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ՀՀ գյուղատնտեսության նախարարություն: Տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ներկայացվել են գերատեսչության ընթացիկ ծրագրերը, միջազգային համագործակցության արդյունքներն ու ոլորտի զարգացման հեռանկարներն ու նախագծերը: Նախ անդրադարձ է կատարվել գարնանացան ցորենի, հնդկացորենի, ոլոռի, սիսեռի, գարնանացան գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման 2017 թվականի ծրագրին: Զեկուցվել է, որ սերմերի ներկրման և մատակարարման գործընթացն արդեն իսկ ընթացքի մեջ է: Դրանց մի մասը ձեռք է բերվել նաև Գյումրիի սելեկցիոն կայանից, որի սերմերի վաճառքի գինը շատ ավելի ցածր է: Կառավարության ղեկավարը կարևորել է Գյումրիի սելեկցիոն կայանի զարգացումն ու գործունեության ընդլայնումը և հանձնարարել կարճ ժամանակահատվածում ներկայացնել համապատասխան ծրագիր: «Ինչո՞ւ առ այսօր հսշվարկ չենք արել, թե ինչպես անել, որպեսզի դրսից կախվածությունը նվազեցնենք: Անընդհատ ասում ենք, որ պետք է ներմուծումը փոխարինել, ուրեմն պետք է ուսումնասիրենք, թե Հայաստանն ինչ է ներմուծում և դրա դիմաց ինչ ենք կարողանում անել: Ինչո՞ւ սերմերի ոլորտը չենք դիտարկում, եթե ունենք սելեկցիոն կայան: Եթե խոսում ենք արտահանումը ներքին արտադրանքով փոխարինելու մասին, ունենք մի բան, որը լավ է աշխատում, ուրեմն պետք է ընդլայնենք նրա գործունեությունը: Գյումրիի սելեկցիոն կայանի հիման վրա պետք է ստեղծել փակ բաժնետիրական ընկերություն, որը կարողանում է դառնալ նորմալ կոմերցիոն կառույց, որը զբաղվում է և սերմերի արտադրությամբ, և վաճառքով: Սերմերի ոլորտը պետք է դարձնել բիզնես, դրանով փող աշխատել, ամեն տարի սուբսիդավորման համար ավելի մեծ միջոց չհատկացնել»,- ասել է Կարեն Կարապետյանը: Տեղեկացվել է, որ գարնանացանի աշխատանքները պատշաճ կազմակերպելու նպատակով սկսվել է նաև գյուղացիական տնտեսություններին պարարտանյութի, դիզվառելիքի բաժանման գործընթացը՝ ֆինանսական բարձր կարգապահությամբ: Դիզվառելիքի տրամադրման հասցեականությունը բարձրացնելու ու նպատակային իրականացնելու արդյունքում կտնտեսվի 1,5 մլրդ դրամ: Վարչապետը նշել է, որ յուրաքանչյուր միջոց ծախսելուց, որոշում կայացնելուց պետք է ունենալ կոշտ վերաբերմունք: «Պետք է հասկանալ՝ ի՞նչի համար ենք ծախսում, ի՞նչ է լինելու արդյունքում: Յուրաքանչյուր ծախսին, յուրաքանչյուր որոշմանը պետք է հետևի թվային պատասխան: Ինձ պետք է թվով ներկայացնեք, թե ինչ ենք ստանալու արդյունքում: Այլ լուծում չի ընդունվելու: Վերլուծել, մոնիտորինգ և նմնատիպ բառերը պետք է օգտագործեք նվազագույնը, խոսում ենք լակոնիկ, գումարով, արդյունքով»,- ընդգծել է կառավարության ղեկավարը: Վարչապետին տեղեկացվել է, որ աշխատանքներ են տարվում Հայաստանում օրգանական պարարտանյութի արտադրության ուղղությամբ. փորձարկումները ցույց են տվել, որ այն ավելի արդյունավետ է, գինը շահավետ: Ներդրումային ծրագրի փաթեթը կներկայացվի կառավարություն: Կարեն Կարապետյանին են ներկայացվել գյուղատնտեսական ապահովագրության համակարգի ներդրման, ինտենսիվ այգիների զարգացման, կարկտապաշտպան ցանցերի մատչելի պայմաններով ներկրման, լիզինգային պայմաններով գյուղտեխնիկայի տրամադրման ծրագրերի իրականացման, գյուղատնտեսական հողատարածքներում ոռոգման արդյունավետ՝ կաթիլային համակարգերի ներդրման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Նախատեսվում է նաև գյուղատնտեսական հումքի մթերման համար մատչելի վարկերի տրամադրման պիլոտային ծրագիր, ինչի արդյունքում մթերող կազմակերպությունների և գյուղացիական տնտեսությունների միջև կկազմվի երաշխավորված պայմանագիր, իսկ գյուղացին մթերման գումարը կստանա մթերման պահին: Անդրադարձ է կատարվել նաև հողերի բերրիության բարձրացման, գյուղատնտեսության գոտիավորման, ֆերմերների համար ուսումնական դասընթացներ կազմակերպելու ծրագրերին և Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործունեությանը: Վարչապետ Կարապետյանը կարևորել է նշված բոլոր ծրագրերի արդյունավետ և հստակ իրականացումը: Անդրադառնալով նշված հիմնադրամի գործունեությանը՝ վարչապետն անհրաժեշտ է համարել վերջինիս կողմից իրականացվող բարձր շահութաբերություն և կարճ ժամանակահատվածում ծախսափակություն ապահովող ծրագրերում ներգրավել մասնավորին, իսկ էժան վարկային միջոցներն ուղղել ռազմավարական ծրագրերին: «Հիմնադրամը պետք է դարձնենք այն գործիքը, որով ֆերմերային տնտեսություններ ենք զարգացնելու, կաթիլային համակարգ, ինտենսիվ այգի ենք ներդնելու, լիզինգային ծրագիր ենք իրականացնելու, խորհրդատվական ծառայություն ենք մատուցելու, որպեսզի իրավիճակ փոխենք»,- ասել է վարչապետը՝ կարևորելով նշված բոլոր քայլերի ուղղությամբ հետևողական աշխատանքը: «Ի՞նչ եմ ակնկալում. պետք է առաջարկենք, ներդնենք մին բան, որը նորություն է, որը կարող է շահույթ բերել: Դուք պետք է ունենաք N հատ երջանկության բաղադրատոմս: Պետք է ներդնենք անհրաժեշտ գործիքակազմ, որը կբերի խնդիրների լուծման»,- ասել է Կարեն Կարապետյանը և պահանջել բոլոր ծրագրերն իրականացնել ժամանակին ու բարձր արդյունավետությամբ:

Նմանատիպ նյութեր