211652_close_icon
views-count1744 դիտում article-date 15:40 11-04-2017

Ողջունում եմ ձեր նախաձեռնությունը. նախարար Հրանուշ Հակոբյանը՝ Սուրեն Շահնազարյանին

Ապրիլի 11-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց իսրայելահայ գործարար, Հայ- իսրայելական առևտրի գրասենյակի փոխնախագահ, «Teamnet packing and international freight services» ընկերության ներմուծման և արտահանման հարցերով տնօրեն Սուրեն Շահնազարյանին, ով արձագանքելով ՀՀ սփյուռքի նախարարի նամակին՝ ցանկություն է հայտնել ներդրումներ կատարել Հայաստանում՝ գյուղատնտեսության և արևային էներգիայի արտադրության ոլորտներում: ՀՀ սփյուռքի նախարարը ողջունեց սփյուռքահայ գործարարին, կարևորեց նրա պատրաստակամությունը՝ ներդնել իր հնարավորությունները Հայաստանում՝ մասնակցելով Հայրենիքի զարգացման գործընթացին: Նախարարը հետաքրքրվեց Իսրայելի հայ համայնքի վիճակով, խնդիրներով, ընդգծեց, որ ինքնության պահպանման, համահայկական հարցերի շուրջ համախմբվելու, միասնական լինելու համար անհրաժեշտ է ամրացնել կապը Հայրենիքի հետ, ավելի ակտիվ մասնակցել նախարարության ծրագրերին: Նա մասնավորապես նշեց. «Կարծում եմ, որ ժամանակն է Սփյուռքը վերակազմակերպել մասնագիտորեն, օգտագործել նրա հսկայական ներուժը: Ողջունում եմ Հայաստանում ձեր ներկայությունն ապահովելու, ներդրումներ կատարելու նախաձեռնությունը»: Սուրեն Շահնազարյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, նախարարին ներկայացրեց կազմակերպության, եկեղեցու, համայնքի գործունեությունն ու խնդիրները, պատրաստակամություն հայտնեց ավելի սերտորեն համագործակցել նախարարության հետ, ակտիվորեն մասնակցել նախարարության ծրագրերին:

Նմանատիպ նյութեր