«Երազի տուն» վերականգնողական կենտրոնում մեկնարկել է «Երևանի քաղաքապետարանը՝ Երևանի մանուկներին» ծրագրի հերթական փուլը
Մայրության և գեղեցկության օրը «Երազի տուն» վերականգնողական կենտրոնում մեկնարկել է «Հայ մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպության հետ իրականացվող «Երևանի քաղաքապետարանը՝ Երևանի մանուկներին» բարեգործական ծրագրի 2017 թվականի առաջին փուլը, որին կմասնակցի 18 երեխա:
Միջոցառմանը ներկա է գտնվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալ Սամվել Մերթարջյանը: Երևանի քաղաքապետի անունից շնորհավորելով ծրագրի մասնակից բոլոր երեխաների մայրերին՝ Սամվել Մերթարջյանն ընդգծել է, որ քաղաքապետարանի կողմից առանձնակի է կարևորված ծրագրի իրականացումը՝ հատկանշելով, որ դրա տարեցտարի գրանցվող արդյունքներն իրենց հերթին նպաստում են ծրագրի շարունակականության ապահովմանը:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ արդեն 4-րդ տարին անընդմեջ իրականացվող ծրագրի շրջանակում երևանաբնակ միայնակ մայրերի մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաները վերականգնողական անվճար բուժում են ստանում։
«2017 թվականի ծրագիրն ավելի է ընդլայնվել և այս տարի ներառվել է նաև մայրերի հոգեբանական աջակցության ծրագիրը, ինչն աննախադեպ և անչափ կարևոր է ծնողների համար: Կլինեն անհատական խորհրդատվություններ և հոգեբանական խմբային թրեյնինգներ»,-նշել է «Հայ մայրեր» կազմակերպության հիմնադիր նախագահ Նարինե Մանուկյանը՝ հատուկ շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետին մշտական աջակացության համար:
[b]
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
[/b]