211652_close_icon
views-count6405 դիտում article-date 21:09 30-03-2017

Կստեղծվի գյուղատնտեսական տեխնիկայի կայան

Այսր՝ մարտի 30-ին, կառավարությունն ընդունել է «Գյուղատնտեսական տեխնիկայի կայանի կազմակերպման» ծրագրի մասին որոշում: Հիմնավորման համաձայն՝ գյուղատնտեսության զարգացման և արդյունավետության բարձրացման գործում առանձնակի կարևորվում է գյուղատնտեսական տեխնիկայի կայանների ստեղծման, օգտագործվող գյուղատնտեսական տեխնիկայի վերազինման և դրանց օգտագործման արդյունավետության բարձրացման խնդիրները: Ծրագրի իրականացումը նախապայմաններ կստեղծի գյուղատնտեսական նշանակության հողատարածքների արդյունավետության բարձրացման, մշակվող հողատարածքների քանակի ավելացման, գյուղացիական տնտեսությունների բարեկեցության բարձրացման և գյուղական համայնքների զարգացման համար: Ծրագրի նպատակն է` բարձրորակ ծառայությունների մատակարարմամբ, նպաստել որակական և ինքնարժեքի տեսանկյունից մրցունակ գյուղմթերքի արտադրությանը, միևնույն ժամանակ ապահովելով հանրապետությունում առկա գյուղտեխնիկայի վերազինում, ինչպես նաև հնարավորություն տալ ֆերմերին խուսափել տեխնիկայի ձեռքբերմանը ուղղված ներդրումներից: Սա հատկապես արդիական է փոքր հողատարածքներ մշակող ֆերմերների համար, քանի որ ակնհայտ է, որ նրանց համար որևէ տեսակի գյուղտեխնիկայի ձեռքբերումը խնդրահարույց է: Ծրագրի նպատակն է պետություն–մասնավոր հատված համագործակցության շրջանակում ստեղծել գյուղատնտեսական տեխնիկայի կայան, որի միջոցով համապատասխան ծառայություններ կմատուցվեն ոլորտի սուբյեկտներին: Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ վարչապետը նշել է, որ հանրապետությունում գյուղտեխնիկայի վերազինումն ապահովելու համար որոշ միջոցներ են տրամադրվել այն կառույցներին, ֆերմերներին և բիզնես օղակներին, որոնք ուզում են դրանով զբաղվել: Ըստ այդմ՝ լիզինգի 9 տոկոսի 7 տոկոսը պետությունը սուբսիդավորում է և այդ բիզնեսով զբաղվողները հնարավորություն կունենան այն վերցնել 2 տոկոսով: «Մենք կարծում ենք, որ տրամադրվող այս օղակը բավականին կփոխի գյուղտեխնիկայի մակարդակը և որակը»,- ընդգծել է վարչապետը: Գործադիրը փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստման և պատշաճ իրականացման, մշակության, բերքահավաքի աշխատանքների կազմակերպման համար ընթացիկ տարում պահանջվող մատչելի վարկային ռեսուրսների ապահովման համար: Որոշման համաձայն՝ տոկոսադրույքի սուբսիդավորմամբ վարկերի տրամադրման ժամկետը 2017թ. համար սահմանվում է ապրիլի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը: Վարչապետը հանձնարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարարին վերլուծություն իրականացնել այդ վարկերի օգտագործման արդյունքների վերաբերյալ և հստակ հայտանիշեր ձևակերպել դրանց տրամադրման համար:

Նմանատիպ նյութեր