211652_close_icon
views-count2745 դիտում article-date 16:59 25-03-2017

Տեղի է ունեցել ԵԱՏՄ կապի և հեռահաղորդակցության ոլորտի նախարարների առաջին խորհրդակցությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայկական կողմի նախաձեռնությամբ մարտի 24-ին Երևանում անցկացվեց ԵԱՏՄ անդամ պետությունների կապի և հեռահաղորդակցության ոլորտի գերատեսչությունների ղեկավարների խորհրդակցական նիստ: Հանդիպման նպատակը տեղեկատվական - հեռահաղորդակցական տեխնոլոգիաների կիրառմանն ու տեղեկատվայնացմանն առնչվող հարցերի քննարկումն էր: Որոշվեց ստեղծել լիազորված մարմին, որը կունենա պարբերական հանդիպումներ ու կքննարկի ԵԱՏՄ անդամ - պետություններում թվայնացման գործընթացներին առնչվող հարցեր: Նիստի շրջանակներում առաջին անգամ նախարարների մակարդակով քննարկվեցին այս ոլորտին առնչվող արդիական խնդիրներ: «Շնորհակալ եմ գործընկերներիս արդյունավետ խորհրդակցության համար: Մի շարք կարևոր որոշումներ ընդունեցինք այսօր»- նշեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը: Քննարկվեց այն հարցը, թե ինչ ձևաչափով է շարունակվելու լիազոր մարմնի աշխատանքը: «Եկանք եզրակացության, որ անհրաժեշտ է ձևավորել աշխատանքային ձևաչափ և, ամենայն հավանականությամբ, մյուս խորհրդակցությանը մենք կներկայացնենք առաջարկություններ, թե ինչպես կարելի է առաջ շարժվել: Կարևորը համաձայնության եկանք, որ անհրաժեշտ է պարբերաբար հանդիպել, մտքեր փոխանակել և վեր հանել այն հարցերը, որոնք վերաբերում են տեղեկատվական - հեռահաղորդակցական տեխնոլոգիաներին և ԵԱՏՄ տարածքում թվային օրակարգի ձևավորմանը»,- ասաց ԵԱՏՀ Կոլեգիայի (նախարար) անդամ Կարինե Մինասյանը: ՌԴ կապի և զանգվածային հաղորդակցության նախարար Նիկոլայ Նիկիֆորովն ընդգծեց, որ ամբողջ աշխարհում անընդհատ աճում է ինտերնետ օգտագործողների թիվը, մեծանում է էլեկտրոնային առևտրի մասնաբաժինը, ավելի ու ավելի շատ ապրանքներ գնվում և վաճառվում են համացանցի միջոցով, էլեկտրոնային են դառնում շատ գործընթացներ: «Մեր խմբի խնդիրն է՝ այդ գործընթացները կարգավորել նաև միջպետական մակարդակով, որպեսզի հնարավոր լինի գործնական շփումներ իրականացնել ԵԱՏՄ անդամ - պետությունների միջև, վաճառել ապրանքներ և ծառայություններ, ընդ որում` դրանք իրականացնելով էլեկտրոնային եղանակով»,- նշեց Նիկոլայ Նիկիֆորովը: ՌԴ կապի և զանգվածային հաղորդակցության նախարարի խոսքով` ոլորտը կարգավորող ռուսաստանյան օրենսդրության մեջ 2014 թվականին կատարվեցին փոփոխություններ, որոնք ՌԴ-ում պետական գնումների մասնակցության հարցում լրացուցիչ առավելություն էին տալիս ծրագրային ապահովումներ մշակող ռուսական ընկերություններին: Քննարկվել է այդ սահմանափակումը վերացնելու հարցը: Նախարար Վահան Մարտիրոսյանը ընդգծեց, որ սպասվող օրենսդրական նոր շտկումներից հետո ՌԴ տարածքում պետական գնումներին կկարողանան մասնակցել նաև ծրագրային ապահովումներ մշակող ընկերություններ ԵԱՏՄ անդամ մյուս պետություններից: «Դա հնարավորություն կտա ԵԱՏՄ անդամ պետությունների ՏՏ ընկերություններին մուտք ունենալ 2 միլիարդ ռուբլիանոց շուկա»,- նշեց Նիկոլայ Նիկիֆորովը: Նախարարների հաջորդ խորհրդակցությունը պլանավորվում է անցկացնել ապրիլին Մինսկում: Թվայնացման օրակարգի քննարկում է նախատեսվում նաև մայիսի վերջին ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարների հանդիպման շրջանակներում: Այլ մանրամասներ՝ տեսանյութում...
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր