211652_close_icon
views-count1906 դիտում article-date 17:45 21-03-2017

Պաշտոնեական դիրքի չարաշահման և դրան դրդելու համար մեղադրանք է առաջադրվել հինգ պաշտոնատար անձի

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ոստիկանության աշխատակիցների կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Մեղադրանք է առաջադրվել 5 ոստիկանի: Այսպես, նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանությունծառայության տեսուչ Ռադիկ Ներսիսյանը, տեղեկանալով, որ 11.07.2016թ.-ին Լոռու մարզի Ագարակ գյուղում տեղի ունեցած վիճաբանության մասնակիցներից երկուսին դանակահարության հետևանքով ծանր և միջին ծանրության մարմնական վնասվածքներ պատճառած անձն իր ազգական Միհրան Ներսիսյանն է, փորձել է վերջինիս ազատել քրեական պատասխանատվությունից: Այդ նպատակով ոստիկանը Մ. Ներսիսյանի ընկերոջը՝ դեպքին ականատես Վահագն Գևորգյանին համոզել է ոստիկանությունում հայտնել, թե, իբր, նշված հանցագործությունը նա է կատարել` փոխարենը երաշխավորելով, որ ձերբակալումից հետո իր միջամտությամբ ազատ կարձակվի: Վ. Գևորգյանը, վստահելով Ռ. Ներսիսյանին, իրեն է վերագրել կատարված հանցագործությունը և ձերբակալվել: Այնուհետև, վերջինիս տեսակցելու և իրականությունը թաքցնելու պայմանավորվածության շուրջ կրկին խոսելու նպատակով, հիշյալ ոստիկանը մեկնել է Տաշիրի բաժնի ձերբակալվածներին պահելու վայր և առանց օրինական հիմքերի Վ. Գևորգյանի հետ տեսակցության թույլտվություններ ստացել: Մասնավորապես, Ռ. Ներսիսյանը ոստիկանության Տաշիրի բաժնի հերթապահ մասի հերթապահներ Արթուր Զաքարյանին և Վարդան Սուքիասյանին համոզել, դրդել է չարաշահել պաշտոնեական լիազորությունները և ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված ընթացակարգը խախտելով` առանց ոստիկանության ստորաբաժանման պետին համապատասխան դիմում, անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու և օրինական մյուս հիմքերի թույլատրել մուտք գործել Տաշիրի բաժնի ձերբակալված անձանց պահելու վայր ու տեսակցել ծանր հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվածին: Վերջիններս, գործընկերոջ խնդրանքը չմերժելու անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը և հիշյալ կանոնակարգի դրույթների խախտմամբ հնարավորություն ընձեռել Ռ. Ներսիսյանին՝ ձերբակալվածին շարունակել համոզել նախաքննական մարմնից թաքցնել հանցագործությունն իրականում այլ անձի կողմից կատարված լինելու հանգամանքը, որով էական վնաս է հասցվել պետության օրինական շահերին: Հետագայում` կալանավորվելուց հետո, Վահագն Գևորգյանը հիշյալ հանգամանքների վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությանը տվել է գրավոր հաղորդում, որի հիման վրա էլ հարուցվել էր հիշյալ քրեական գործը: Կատարված լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ նախաքննության արդյունքում բացահայտվել է ճշմարտությունն ու հանցագործության կատարման բոլոր հանգամանքները: Նշված հանցավոր արարքների կատարման համար Ռ. Ներսիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-308- րդ հոդվածի, իսկ Ա. Զաքարյանին և Վ. Սուքիասյանին` 308-րդ հոդվածի 1-ին մասերով: Բացի այդ, նույն հոդվածով մեղադրանք է առաջադրվել ոստիկանության Տաշիրի բաժնի հերթապահ մասի ևս երկու տեսուչի, սակայն նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է` գործուն զղջալու հիմքով. վերջիններս աջակցել են հանցագործության բացահայտմանը: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր