211652_close_icon
views-count2478 դիտում article-date 18:27 20-03-2017

Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի ուղերձը Ֆրանկոֆոնիայի երկամսյակի կապակցությամբ

Ֆրանկոֆոնիայի այս տարվա երկամսյակը մեկնարկում է 2016 թվականի նոյեմբերին ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների կողմից կայացված բացառիկ որոշման համատեքստում՝ 2018 թվականի Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովն անցկացնել Երևանում։ 2018 թվականին կայանալիք այս իրադարձությանն ընդառաջ՝ հետհաշվարկի մեկնարկն արդեն տրված է, և մեր երկիրը լավագույնս նախապատրաստվում է՝ ապահովելու այս գագաթաժողովի հաջողությունը։ Ֆրանկոֆոնիայի հանդեպ Հայաստանի հանձնառության վառ դրսևորումը հանդիսացող Ֆրանկոֆոնիայի երկամսյակը, որը կազմակերպում ենք տարիներ շարունակ, հերթական անգամ ի ցույց կդնի մեր նվիրվածությունը ֆրանկոֆոն արժեքներին և մշակութային ու լեզվական բազմազանությանը։ Հայաստանի բոլոր մարզերում անցկացվող ավելի քան 600 մշակութային, կրթական և գեղարվեստական միջոցառումներով այս երկամսյակը հիրավի բացառիկ միջոցառում է ֆրանկոֆոն ընտանիքի ողջ տարածքում։ Երկամսյակը առիթ է Հայաստանի ֆրանկոֆոն բոլոր դերակատարների՝ ՀՀ պետական կառույցների, ՀՀ Ազգային ժողովի, Հայաստանում հավատարմագրված ֆրանկոֆոն երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, դպրոցների և համալսարանների հետ միասին մեծ շուքով տոնելու Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը։ Ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել նրանց՝ գործուն մասնակցության համար։ Ողջունելի է նաև Հայաստանում Ֆրանկոֆոնիայի երկամսյակի ընդգրկումը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության կողմից մեկնարկած «2017 թվականի Մեծ շրջագայություն» նախաձեռնությունում, որի շրջանակներում 2017 թվականի ողջ ընթացքում իրականացվելու են Ֆրանկոֆոնիային նվիրված մշակութային ճանապարհորդություններ: Ամենայն հաջողություն եմ մաղթում Հայաստանում 2017 թվականի Ֆրանկոֆոնիայի երկամսյակին: [b]ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար[/b]

Նմանատիպ նյութեր