Արցախի ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը ամերիկացի պաշտոնյաներին է ներկայացրել Ադրբեջանի ապրիլյան վայրագությունները
Շարունակվում է Արցախի մարդու իրավունքների պաշտպանի այցը Միացյալ Նահանգներ, որը կազմակերպվել է ԱՄՆ Արևելյան ափի Հայ Դատի գրասենյակի կողմից։ Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից։
Մարտի 8-ից ի վեր Նյու-Յորքում, Բոստոնում, Փրովիդենսում, Վաշինգթոնում Ռուբեն Մելիքյանն ունեցել է 33 միջոցառում, այդ թվում՝ յոթ հրապարակային ելույթներ ակադեմիական հանրության, ինչպես նաև Սփյուռքի տարբեր շրջանակների առջև։
Մարտի 15-ին և 16-ին Արցախի ՄԻՊ-ը մարդու իրավունքների ոլորտում իր մտահոգությունները ներկայացրել է կոնգրեսականներ Դեվիդ Վալդաոյին, Ադամ Շիֆին (Կալիֆորնիա) և Ջիմ Մըքգավըրնին (Մասաչուսեթս)։
Մասնավորապես, քննարկվել են Ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի կատարած վայրագությունները, ինչպես նաև Լապշինի գործը։
Նույն հարցերը մարտի 10-ին Փրովիդենսում քննարկվել էին Ռոդ Այլընդը ներկայացնող կոնգրեսական Դեվիդ Սիսիլինիի հետ։