211652_close_icon
views-count2569 դիտում article-date 16:47 13-03-2017

Հայաստանը մասնակցել է «ITB Berlin-2017» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին

Մարտի 8-13-ը Բեռլինում անցկացվեց «ITB Berlin-2017» ամենամյա միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը, որին այս տարի ևս իր մասնակցությունը բերեց Հայաստանի պատվիրակությունը։ Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախաձեռնությամբ և Գերմանիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ Հայաստանից ցուցահանդեսին մասնակցում էին երկու տասնյակից ավելի զբոսաշրջային ընկերություններ, անհատ տուր օպերատորներ և հյուրանոցային բիզնեսը ներկայացնող կազմակերպություններ, որոնք հնարավորություն ունեցան մեծ ճանաչում ունեցող այս ցուցահանդեսում ներկայացնել Հայաստանի զբոսաշրջային գրավչությանն ու հնարավորություններին վերաբերող փաթեթներ։ Հայկական տաղավարում երաժշտական կատարումներով հանդես եկավ Գրիգոր Շագոյանի ղեկավարած «Ագուա-տրիո» համույթը: Մարտի 11-ին ՀՀ դեսպանությունում ցուցահանդեսի մասնակիցներին ընդունեց Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, ով նրանց հետ քննարկեց ընթացիկ և սպասվող մի շարք ծրագրեր: Տեղեկանք. «ITB Berlin» ցուցահանդեսն անցակացվում է 1966 թվականից և իր մասնակիցների թվով աշխարհում համարվում է ամենամեծը։ Լավագույն հանգստավայրերն ու զբոսաշրջային փաթեթները ներկայացնելու համար այս ցուցահանդեսին ամեն տարի մասնակցում են 5 մայրցամաքների 190 երկրներ և հազարավոր զբոսաշրջային ընկերություններ։ Ցուցահանդեսի նպատակն է տարբեր երկրների զբոսաշրջային ուղղությունների և կարողությունների ներկայացումը, զբոսաշրջային և գործնական ճանապարհորդությունների համար նախատեսված վերջին նորարարությունների ցուցադրումը, զբոսաշրջության ոլորտում նոր շուկաների բացահայտումը: Այս տարի «ITB Berlin» ցուցահանդեսի գործընկեր երկիրն էր Բոթսվանայի Հանրապետությունը:

Նմանատիպ նյութեր