211652_close_icon
views-count7033 դիտում article-date 09:53 13-03-2017

Ծերանալ՝ չի նշանակում մոռացված լինել, այլ՝ շարունակել ապրել

Հայաստանում ապրում է շուրջ 387000 տարեց, որոնք կազմում են բնակչության 12.9% -ը: Ի թիվս այլ հիմնախնդիրերի՝ նրանք այսօր ունեն հասարակության մեջ ինտեգրման պակաս, որն առավել սուր է արտահայտված այն տարեցների մոտ, ովքեր հանգամանքների բերումով ապրում են միայնակ։ «Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2016թ-ին, «Շտապբուժօգնության» երիտասարդ բժիշկներ՝ Արթուր Թորոսյանի և Առնո Հովհաննիսյանի կողմից, որոնք, աշխատանքի բերումով ժամանակ առ ժամանակ հայտնվելով տարեց մարդկանց տներում, տեսնում են, թե ինչ պայմաններում են նրանք ապրում ու ինչքան են զգում հասարակ մարդկային ուշադրության ու շփման կարիքը։ Ուստի, նրանց խնդիրները մի փոքր թեթևացնելու համար երիտասարդները որոշեցին հիմնել այս ասոցիացիան՝ նպատակ ունենալով բարձրացնել մեր երկրում տարեցների կյանքի որակը: Այս գեղեցիկ նախաձեռնությանը միացել են նաև տարբեր տարիքի և մասնագիտությունների տեր մարդիկ՝ ունենալով միևնույն եզրահանգումը՝ ծերանալ՝ չի նշանակում մահանալ, կտրվել այս աշխարհից և մոռացված լինել, ծերանալ՝ նշանակում է կիսվել տարիների հավաքված փորձով և կյանքի մայրամուտը անցկացնել ընտանեկան ջերմ մթնոլորտում: Ցավոք սրտի, հանգամանքների բերումով ոչ բոլոր տարեցներն են վայելում խաղաղ ծերության բերկրանքը: Նրանց մեծ մասը չունի ոչ ոք այս կյանքում, ում կարող է խնդրել, օրինակ, օգնել իրեն գնալ խանութ, փոխել լապտերը կամ պարզապես նստել իր կողքին… Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիան իր առջև դրել է հետևյալ նպատակներն ու խնդիրները` 1. Տարեց մարդկանց տրամադրել բժշկական խորհրդատվություն 2. Կապող օղակի դեր կատարել տարեց մարդկանց ու բուժկենտրոնների միջեւ 3. Օգնել տարեց մարդկանց լուծել սոցիալական ու առողջական խնդիրները 4.Տրամադրել անվճար իրավաբանական խորհրդատվություն, որպես ասոցիացիայի շահառու նրանց իրավունքները պաշտպանել ՀՀ պետական մարմիններում և ՀՀ դատական ատյաններում: 5. Խթանել կամավորական աշխատանքի մշակույթի ձևավորմանը և զարգացմանը 6.Ձևավորել ճիշտ և լիարժեք պատկերացում կամավորական աշխատանքի մասին` երիտասարդների շրջանում 7. Աջակցել երիտասարդներին ստանալ մասնագիտական և ադմինիստրատիվ փորձ Այդ բոլոր աշխատանքները կազմակերպելու համար ֆինանսական նպատակներ չհետապնդող ասոցիացիան չունի ֆինանսավորում, և այն ծրագրերը, որոնք մինչև այժմ իրականացվել է նրա կողմից /https://www.facebook.com/groups/ahaop/?fref=ts/ այդ թվում՝ գրասենյակի վարձավճարը, կատարվում են հիմնադիրների անձնական միջոցներով: Այդ է պատճառը, որ յուրաքանչյուրս կարող է ինչ-որ բանով օգտակար լինել և միահամուռ ուժերով նպաստել մեր երկրում տարեցների կյանքի որակի բարձրացմանը, ստեղծել որոշակի սոցիալական շարժում, որն առաջինը կփոխի հասարակության վերաբերմունքը տարեցների հանդեպ։ Այս ճանապարհին շատ կարևորվում է կամավորների ներգրավվածությունը, որոնք արդեն զգալի քանակություն են կազմում: Կամավորական աշխատանքը միշտ լինելու է խրախուսելի և վկայագրված։ Հաշվի առնելով երկկողմանի հետաքրքրվածությունը և կայուն հիմքերի վրա կառուցված փոխշահավետ համագործակցությունը՝ «Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիա» ՀԿ-ն արդեն կնքել է մի շարք համաձայնագրեր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարաության, Նորքի հոգեբուժական կենտրոնի և այլն: Ամեն տարեցի դեմքին նայելով՝ հասկանում ենք, թե որքան դժվարություններ է նա ապրել։ Ամեն մի կնճիռ մի պատմության հետևանք է։ Բայց երբ նրանց հարցնում ես, նրանք լռում են և միայն անկեղծ ժպիտով պատմում իրենց անցկացրած վառ օրերի մասին։ Իսկ մի՞թե այդքան դժվար է գեթ մեկ անգամ մենք ինքներս նվիրենք նրանց այդ վառ օրերից մեկը, մենք էլ տեղ գտնենք նրանց հուշերում, չէ՞ որ մենք էլ մի օր ծերանալու ենք… «Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիա» ՀԿ-ի կոնտակտային տվյալններն են. ք. Երևան, ԴավիթԱնհաղթի 23/33, 0014 հեռ. /+374/ 11 703 103, /+374/ 41 703 103, ahaop.com, [email protected]

Նմանատիպ նյութեր