211652_close_icon
views-count5029 դիտում article-date 22:00 10-03-2017

Գերմանիայում ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել Սաքսոնիայի վարչապետ Ստանիսլավ Թիլիչի հետ

Մարտի 9-ին Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն այցելել է Գերմանիայի Սաքսոնիա երկրամաս, որտեղ հանդիպումներ է ունեցել երկրամասի վարչապետ Ստանիսլավ Թիլիչի, Մշակույթի և լուսավորության նախարար Բրունհիլդ Քուրթի և Դրեզդենի մշակույթի և զբոսաշրջության հարցերով քաղաքապետ Աննեկատրին Կլեպշի հետ: Սաքսոնիայի վարչապետի հետ հանդիպման ընթացքում դեսպան Սմբատյանը ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, Արցախյան հիմնահարցի շուրջ ծավալվող իրադարձություններն ու պաշտոնական Բաքվի ապակառուցողական գործելաոճը, Հայաստան-ԵՄ համագործակցության ներկայիս մակարդակը, Հայաստանի հարաբերությունները հարևան երկրների հետ և այլ հարցեր: Ստանիսլավ Թիլիչը գոհունակությամբ է հիշել 2008թ. Դրեզդենում կայացած Շախմատի համաշխարհային օլիպմիադայի շրջանակներում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի այցը: Դեսպանն առանձնահատուկ ընդգծել է մշակութային և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում Հայաստանի և Սաքսոնիա երկրամասի միջև համագործակցության ծավալման անհրաժեշտությունն ու այդ երկրամասում ՀՀ տնտեսական և մշակութային ներուժի օգտագործման կարևորությունը: Բրունհիլդ Քուրթի և Աննեկատրին Կլեպշի հետ հանդիպումների ընթացքում դեսպան Սմբատյանը քննարկել է մշակույթի, զբոսաշրջության, ինչպես նաև ուսումնական ոլորտներում հետագա համագործակցության հեռանկարներն ու առկա հնարավորությունները: Տեղեկանք. Դրեզդենի քաղաքային իշխանության կառուցվածքային առանձնահատկություններից ելնելով՝ Դրեզդենի քաղաքապետի առաջին տեղակալը ևս անվանվում է քաղաքապետ։ Ներկայումս այդ պաշտոնը զբաղեցնում է Աննեկատրին Կլեպշը, ով համակարգում է մշակույթի և զբոսաշրջության ոլորտները։

Նմանատիպ նյութեր