Արցախի վարչապետը դժգոհություն է հայտնել գարնանացան մշակաբույսերի ընտրության և առկա ծավալների վերաբերյալ
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մարտի 9-ին հանդիպել է հանրապետության խոշոր հողամշակներին՝ քննարկելու հատկապես գարնանացանի աշխատանքների հետ կապված մի շարք հարցեր:
Գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանը ներկայացրել է աշնանացանի արդյունքները և գարնանացանի համար ստացված հայտերի տեսակները:
Իր դժգոհությունը հայտնելով գարնանացան մշակաբույսերի ընտրության և առկա ծավալների վերաբերյալ՝ կառավարության ղեկավարը հորդորել է խոշոր հողօգտագործողներին ընդլայնել շուկայում առավել պահանջարկ ունեցող գարնանացան մշակաբույսերի ցանքսը և աշխատանքները կատարել միմիայն գյուղատնտեսական կանոններով:
Նա անդրադարձել է նաև գարնանացան և աշնանացան կուլտուրաների մշակմանը ցուցաբերվող պետական աջակցությանը և մեկ անգամ ևս ընդգծել, որ այսուհետ օժանդակություն ստանալու են միայն ագրոկանոններով առաջնորդվող հողագործները: Սա ամրագրվելու է նաև գյուղատնտեսության նոր հայեցակարգում, որն ավարտման փուլում է:
Հանդիպման ավարտին ներկաները իրենց հուզող հարցերն ու առաջարկություններն են ներկայացրել վարչապետին և ստացել պարզաբանումներ: