211652_close_icon
views-count1097 դիտում article-date 13:35 16-02-2021

2021-ին ՀՀ մարզերում կիրականացվի գարնանացան հացահատիկային և կերային մշակաբույսերի արտադրության խթանման ծրագիր

Հայաստանի Հանրապետությունում գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագրի հիմնական նպատակն է գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային որոշ մշակաբույսերի սերմերի գնի մասնակի սուբսիդավորման կամ փոխհատուցման միջոցով ռազմական և արտակարգ դրության հետևանքների, մասնավորապես, օգտագործվող արոտավայրերի կրճատման արդյունքում անասնակերի ապահովման խնդիրների մեղմումն ու պարենամթերքի ինքնաբավության մակարդակի բարձրացումը։

Ծրագիրը կիրականացվի 2021 թվականին ՀՀ բոլոր մարզերում։

Ծրագրից կարող են օգտվել ՀՀ բոլոր մարզերում 1.0-20․0 հա մակերեսով հացահատիկային և կերային մշակաբույսերի, ինչպես նաև 0.5-20.0 հա հատիկաընդեղենի ցանքատարածություններ մշակող տնտեսվարողները։

Նույն տնտեսվարողի կողմից մշակվող ցանքատարածությունների մակերեսների հանրագումարը չի կարող գերազանցել 20․0 հա-ը։

Ծրագրի շրջանակում առաջարկվում է գարնանացան ցորենի, գարնանացան գարու, վարսակի, հաճարի, լոբու, ոսպի, ոլոռի, սիսեռի, առվույտի և կորնգանի էլիտա և/կամ 1-ին վերարտադրության հավաստագրված սերմերի գնի մասնակի սուբսիդավորում կամ փոխհատուցում, որի արդյունքում սերմերը ձեռք կբերվեն շուկայականից առավել ցածր գներով՝ շուրջ 50-70%։

Գյուղատնտեսական գոտիներից կախված՝ ծրագրի շրջանակում ձեռք բերված հատիկաընդեղեն մշակաբույսերի սերմերի ցանքը պետք է պարտադիր կատարվի մինչև տվյալ տարվա հունիսի 10-ը, իսկ հացահատիկային և կերային մշակաբույսերի դեպքում՝ մինչև տվյալ տարվա հունիսի 1-ը:

Մատակարարները կարող են իրենց կողմից արտադրված և/կամ ներմուծված սերմերով, իսկ տնտեսվարողները ներմուծված սերմերով ցանք կատարել ու ստանալ սուբսիդիա կամ փոխհատուցում։

Ծրագրի շրջանակում էկոնոմիկայի նախարարության կողմից տնտեսվարողներին կտրամադրվի հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի մշակության, ցանքաշրջանառության կիրառման և սերմերի ախտահանման վերաբերյալ անվճար խորհրդատվություն։

Ծրագրին մասնակցելու համար սերմերի վաճառք իրականացնողները՝ մատակարարները, պետք է մինչև փետրվարի 26-ը դիմեն էկոնոմիկայի նախարարություն և կնքեն պայմանագիր, որի արդյունքում հավաքված տեղեկատվությունը մինչև մարտի 2-ը կհրապարակվի նախարարության կայքում։

Ծրագրի շրջանակում տնտեսվարողները կարող են սերմ ձեռք բերել միայն նախարարության կայքում հրապարակված մատակարարներից։

Հացահատիկային և կերային մշակաբույսերի սերմերի վաճառքը կիրականացվի մարտի 2-ից մինչև հունիսի 1-ը, իսկ հատիկաընդեղենի դեպքում՝ մինչև հունիսի 10-ը՝ ծրագրով սահմանված գներով՝ բացառապես պայմանագրային հիմունքներով (Պայմանագրի օրինակելի ձև)

Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Ծրագրի վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար կարող եք դիմել գյուղատնտեսության ծրագրերի իրականացման վարչություն, հեռ.՝ 011 530 333, գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների և մոնիթորինգի վարչություն, հեռ.՝ 011 524 610։

Նմանատիպ նյութեր